Հղի կանայք, որոնք սննդի մեջ մեծ քանակությամբ ածխաջրեր եւ ճարպեր են օգտագործում, հաճախ ճարպային ավելորդ հյուսվածքով երեխաներ են ունենում: Որքան ապագա մայրիկի սննդի մեջ ավելի շատ են հագեցած ճարպերը, այնքան նրա երեխայի ճարպային շերտը մեծ կլինի, անկախ մինչեւ հղիությունը կնոջ քաշից: Այդ մասին հայտնում են University of Colorado Denver-ի գիտնականները Տեսսա Կրումի գլխավորությամբ:
Մոր սննդակարգի եւ երեխայի կազմվածքի միջեւ կապն ի հայտ բերելու համար Կրումի խումբը վերլուծել է 1040 մայր-երեխա զույգի վերաբերյալ տվյալներ: Հղիության ընթացքում գիտնականները պարբերաբար յուրաքանչյուր կնոջ խնդրել են թվարկել այն ամենը, ինչ նա կերել է վերջին 24 ժամվա ընթացքում: Երբ երեխաները ծնվել են, հետազոտողները տվյալներ են հավաքել նրանցից յուրաքանչյուրի մասին` քաշը, հասակը, գլխի շրջագիծը եւ օրգանիզմում ճարպային հյուսվածքի տոկոսը:
Պարզվել է, որ կանանց կեսն օրական միայն 2025 կալորիա է օգտագործել, մյուս կեսն ավելի շատ է կերել: Կանանց ընդհանուր թվի գրեթե կեսը ճարպերից է ստացել կալորիաների մոտավորապես 32 տոկոսը, սպիտակուցներից` 15 տոկոսը եւ ածխաջրերից` 48 տոկոսը: Հետազոտողները պարզել են, որ այդ համամասնությունների փոփոխությունը չի ազդել ծնվելու ժամանակ երեխաների քաշի վրա: Ավելի կարեւոր է եղել այն, թե սննդի մեջ կոնկրետ ինչ են օգտագործել ապագա մայրերը: Օրվա ընթացքում հագեցած ճարպերից ստացված ամեն 100 կալորիան երեխայի ճարպային հյուսվածքի զանգվածն ավելացրել է 11 գրամով, մինչդեռ չհագեցած ճարպերի համար այդ քանակությունը գրեթե կրկնակի փոքր է եղել` 6 գրամ: Նույն չափի էներգետիկ արժեք ունեցող ածխաջրերը 3 գրամի աճ են առաջացրել:
Քանի որ հետազոտողները ստիպված էին հիմնվել իրենց սննդի մասին պատմող կանանց ազնվության վրա, ստացված արդյունքները չի կարելի բացարձակապես ճշգրիտ կոչել: Սակայն գիտական խումբը կանանց խորհուրդ է տալիս հղիության ընթացքում հետեւել իրենց սննդին եւ հիշեցնում է, որ հղիության ընթացքում ոչ միայն կարիք չկա երկու հոգու փոխարեն ուտել, այլեւ դա վնասակար է ինչպես կնոջ, այնպես էլ երեխայի համար: