Համացանցում այսօր կարելի է բազմաթիվ գովազդային նյութերի հանդիպել ամեն տեսակ քսուքների մասին, որոնց միջոցով իբր հնարավոր է մեկ անգամ եւ ընդմիշտ ազատվել երակների վարիկոզ լայնացումից: Բնականաբար, նման միջոցներ գնողներին սովորաբար միայն հիասթափություն է սպասում եւ զայրույթ՝ իզուր ծախսված փողի համար:
Երակների վարիկոզ լայնացման բուժման համար իրոք արդյունավետ, ապացուցողական բժշկության վրա հիմնված ի՞նչ միջոցներ գոյություն ունեն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային եւ լազերային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է պարզել այդ հարցը:
Դեղորայքային բուժում
Եթե խոսքը հաբերի մասին է, գոյություն ունեցող միջոցները իրոք կարող են դանդաղեցնել հիվանդության առաջընթացը եւ մեղմացնել գանգատները: Իսկ եթե նպատակ ունենք կարգավորել արտաքին տեսքը, ապա ամենաարդյունավետ միջոցներից մեկը սկլերոթերապիան է: Այն ենթադրում է լայնացած երակի մեջ հատուկ դեղի ներարկում, որը կանգնեցնում է այդ երակով արյան հոսքը, ինչի հետևանքով երակը դադարում է տեսանելի լինել եւ ոտքի արտաքին տեսքը զգալիորեն բարելավվում է:
Շատ հիվանդների բուժման համար «Էրեբունի» բուժկենտրոնի մասնագետները հենց սկլերոթերապիան են ընտրում, որովհետեւ այն քիչ ինվազիվ է, պարզ եւ հրաշալի արդյունքներ է տալիս:
Ճիշտ է, սկլերոթերապիան, ինչպես եւ բուժման ցանկացած այլ մեթոդ, որոշակի սահմանափակումներ ունի: Մասնավորապես, այն արդյունավետ է մանր երակների լայնացման դեպքում, բայց եթե վարիկոզը խոշոր երակ է վնասել, սկլերոթերապիա սովորաբար չի օգտագործվում:
Վիրահատական բուժում
Վիրահատական բուժումը կարող է անհրաժեշտ լինել, եթե խոշոր երակներ են լայնացած, որոնք սկլերոթերապիայի օգնությամբ բուժման ենթակա չեն: Վիրահատական միջամտության ընթացքում վիրաբույժը կարող է փակել կամ հեռացնել լայնացած երակը կամ երակները, որ դրանք չխանգարեն մյուսների աշխատանքին:
Սխալ գործող երակները կարելի է հեռացնել մի քանի միջոցով` ավանդական վենէկտոմիայի կամ մինի-վենէկտոմիայի միջոցով, որի ընթացքում մաշկի վրա փոքրիկ կտրվածքներ են անում եւ հետվիրահատական սպիներ չեն մնում:
Վարիկոզից վնասված երակները հնարավոր է փակել լազերային կոագուլյացիայի միջոցով, որն այսօր լայնորեն կիրառվում է Հայաստանում եւ «Էրեբունի» բուժկենտրոնում: Գոյություն ունի նաեւ ռադիոհաճախային կոագուլյացիայի մեթոդը, սակայն մասնագետը նշում է, որ Հայաստանում դա չեն կիրառում, որովհետեւ այդ պրոցեդուրայի ինքնարժեքն ավելի բարձր է, քան լազերային կոագուլյացիայինը:
Վերոհիշյալ մեթոդներից յուրաքանչյուրն իր արժանիքներն ու թերություններն ունի: Օրինակ, լազերային կոագուլյացիայի օգտագործման դեպքում հիվանդը ստիպված չի լինում շատ ժամանակ անցկացնել հիվանդանոցում, հետվիրահատական ցավեր գրեթե չի ունենում, կոսմետիկ արդյունքից էլ գոհ է մնում: Սակայն այդ մեթոդը նաեւ իր սահմանափակումներն ունի, մասնավորապես, եթե լայնացած երակի լայնքը 15 մմ-ից ավելի է, լազերային կոագուլյացիան քիչ արդյունավետ կլինի եւ անհրաժեշտ կլինի բուժման այլ մեթոդ ընտրել:
Սկլերոթերապիայի կամ վիրահատական միջոցով վարիկոզից ազատվել ցանկացող շատ հիվանդների մոտ հարց է առաջանում. Վտանգավոր չէ՞ նման եղանակով երակը փակելը/հեռացնելը եւ արդյո՞ք այն խնդիրներ չի ստեղծի:
Արամ Բադալյանի խոսքով, ի սկզբանե բուժման ենթակա են միայն հիվանդ երակները, ոչ թե առողջները: Եթե երակը լայնացած է, եթե այն խնդիրներ եւ դիսկոմֆորտ է առաջացնում, նշանակում է, որ այն ոչ միայն չի կատարում իր գործառույթները, այլեւ հակառակը` մարդուն խանգարում է նորմալ ապրել: Սկլերոթերապիայի կամ լազերային միջամտության օգնությամբ նման երակը փակելն իհարկե վնասակար չէ, ընդհակառակը, առանց դրա, մյուս երակներն ավելի հանգիստ կաշխատեն, ինչը դրականորեն կազդի հիվանդի ինքնազգացողության վրա:
Յուրաքանչյուր մարդն ինքնատիպ է, այդ պատճառով յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է երակների վարիկոզ լայնացման բուժում ընտրել` հաշվի առնելով նրա առանձնահատկությունները եւ առողջության ընդհանուր վիճակը, ընդգծել է մասնագետը: