14-ամյա աղջիկը ցանկանում է մեռնել ավարտական երեկոյից հետո

23:49   22 հուլիսի, 2016

14-ամյա Ջերիքա Բոլենը՝ ԱՄՆ Վիսքոնսին նահանգից,  ծրագրել է սեփական ավարտական երեկոյի վերջին պարից հետո հեռանալ կյանքից: Մեջքի մկանային երկրորդ կարգի ապաճի պատճառով, որը հազվադեպ հանդիպող ծանր հիվանդություն է, աղջիկը մշտական ցավեր ունի եւ չի կարողանում կառավարել իր մկանների մեծ մասը:

Վերջերս Ջերիքան վերջնականապես որոշել է հեռանալ կյանքից, բայց դրանից առաջ ցանկանում է կազմակերպել հատուկ ավարտական երեկո, որին նա հրավիրել է բոլոր ցանկացողներին:

«Ես շատ ընկերներ չունեմ, քանի որ չեմ կարող ինքնուրույն որեւէ տեղ գնալ կամ ինչ-որ բան անել: Իսկ ահա ավարտական երեկոն իր տեսակով կլինի իմ  կյանքի վերջին  պարը»,- ասել նա լրագրողներին:

Նրա մոտ մեջքի մկանային ապաճը հայտնաբերվել էր, երբ աղջիկն ընդամենը 8 ամսական էր: Իր կյանքի մեծ մասը նա հաշմանդամի սայլակին գամված է անցկացրել: Ջերիքան կարողանում է մի փոքր կառավարել ձեռքերը եւ դեմքի մի մասը: Սկզբում բժիշկները կասկածում էին նրա ախտորոշմանը, քանի որ այդ հիվանդությամբ տառապող երեխաները կյանքից բավական վաղ են հեռանում: Սակայն  Ջերիքայի մայրն ամեն ինչ արել է լավ նյարդաբան գտնելու համար: Ծնողները համոզված են, որ հենց նա է աղջկան նվիրել կյանքի ավելի քան տասը լրացուցիչ տարիները:

Ոչ վաղ անցյալում Ջերիքան մորը պատմել էր, որ ցանկանում է դուրս պրծնել իր «ջարդված մարմնից»: Մայրը համաձայնել է դստերն օգնել կազմակերպել հրաժեշտի սեփական ավարտական երեկո՝ երաժշտության, պարերի եւ ուրախության ուղեկցությամբ: Ջերիքան ցանկանում է, որ ադ երեկոյին որքան հնարավոր է շատ մարդ գա, եւ արդեն պլանավորել է սենյակների դիզայնը:

Օգոստոսի վերջին աղջիկը պլանավորել է տեղափոխվել հյուրատուն եւ անջատել թոքերի արհեստական օդափոխությունը:



© NEWS.am Medicine