Հոր սննդակարգն ազդում է դստեր մոտ կրծքի քաղցկեղի առաջացման վրա. Գիտնականներ

15:35   27 հուլիսի, 2016

Նախկինում ընդունված էր կարծել, որ երեխայի առողջությունը հիմնականում կախված է մոր առողջությունից, սակայն այժմ գիտնականները գիտեն, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Պարզվում է, որ նույնիսկ ոչ էական գործոնները, օրինակ՝ ապագա հոր սննդակարգը, կարող են հանգեցնել ապագա երեխաների գենետիկ փոփոխությունների: Դա հաստատել են University of Sao Paulo (Բրազիլիա) գիտնականները, որոնք հայտնաբերել են, որ վնասակար յուղոտ կերակուրների հանդեպ տղմարդկանց հակվածությունը կարող է հանգեցնել նրանց դուստրերի մոտ կրծքի քաղցկեղի առաջացման:

Թոմաս Օնգոնի գլխավորությամբ գիտնականները փորձ են անցկացրել 60 առնետի վրա: Որձերը բաժանվել են 3 խմբի. առաջին խմբի առնետների սննդաբաժինը 60 տոկոսով կազմված էր կենդանական յուղից, երկրորդ խմբի կերակուրի մեջ օգտագործվել է հիմնականում բուսական յուղ, երրորդ խմբի սննդակարգը հավասարակշռված էր (16 տոկոս ճարպեր): Փորձի մասնակիցներից ծնված բոլոր ձագերից ընտրել են էգերին եւ կյանքի 50-րդ օրը լրանալուց հետո նրանց «պատվաստել են» կրծքի քաղցկեղի նախահակում:

Պատանի առնետները հասունացել են միեւնույն պայմաններում, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ նրանց մոտ, ում հայրերին կերակրել են կենդանական յուղով, հիվանդությունն ավելի հաճախ է առաջանում: Բացի այդ, նրանց մոտ ավելի մեծ թվով ուռուցքներ կային եւ նորագոյացություններն ավելի արագ էին աճում, քան այն առնետների մոտ, որոնց հայրերին այլ կերպ էին կերակրել:

Հետագա հետազոտությունները հաստատել են, որ կենդանական յուղերի հիմքով սննդակարգերը առաջացնում են որձերի սերմնահեղուկի գենետիկ ոչ մեծ փոփոխություններ, եւ նույն փոփոխություններն են նկատվել նրանց սերունդի կրծքի հյուսվածքներում: Գիտնականներն աշխատել են միայն էգերի հետ, սակայն պրոֆեսոր Օնգոնը հայտարարել է, որ ավելի շուտ յուղային սննդով սնված առնետների ժառանգներից որձերի մոտ կարող էին ուռուցքային հիվանդություններ առաջանալ:

Հետազոտողները եզրակացրել են. որպեսզի երեխաներն ավելի հաճախ առողջ ծնվեն, անհրաժեշտ է, որ երկու ծնողներն էլ առողջ կենսակերպ վարեն: Եթե մարդկանց մոտ էլ հաստատվի նույն միտվածությունը, ինչ Բրազիլիայում անցկացված փորձի մասնակից առնետների մոտ, ապա հնարավոր է, որ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման խորհուրդներում կետ ավելանա, որոնք կվերաբերեն մինչ բեղմնավորումը հայրերի սննդակարգին:



© NEWS.am Medicine