Ֆլորիդայում գրանցվել է Զիկա տենդի տեղային վարակման 2 նոր դեպք

10:43   28 հուլիսի, 2016

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հետաքննում են Զիկա վիրուսով տեղային վարակման երկու նոր դեպք: Ենթադրաբար վարակումը տեղի է ունեցել ԱՄՆ մայրցամաքային հատվածում, բայց կոնկրետ ինչ ճանապարհով՝ առայժմ հայտնի չէ: Այն երկրներ, որտեղ այս վիրուսը տարածված է, հիվանդները չեն այցելել:

Հիվանդների անձը չի հստակեցվում, սակայն հայտնի է, որ նրանցից մեկը բնակվում է Մայամի-Դեյդ շրջանում, մյուսը՝ Բրոուարդ: Երկու շրջաններում էլ իշխանությունները ավելի վաղ արդեն սկսել էին հետաքննել Զիկա վիրուսով տեղային վարակման այլ դեպք, այսպիսով, Ֆլորիդայում այդ դեպքերի ընդհանուր թիվը հասել է չորսի:

Նահանգի առողջապահության վարչության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարակի տարածման պատճառը կարող են լինել մոծակները, որոնք հիվանդության հիմնական փոխանցողներ են համարվում, սակայն նրանք դրանում լիարժեք համոզված չեն: Մասնագետները պատրաստվում են հետազոտել այն շրջանների շատ բնակիչների, որոնց մասին խոսք է գնում, պարզելու համար՝ չկա՞ն այլ հիվանդներ եւս

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ում վիրուսով վարակվելու ախտանշաններով հղի կանանց թիվը հասել է 400-ի: Տվյալ պահին 50 նահանգների տարածքում ընդամենը 1403 մարդու մոտ ախտորոշվել է տվյալ հիվանդությունը:

Զիկա տենդը սովորաբար բարորակ ընթացք ունի, սակայն եթե դրանով վարակվում է հղի կինը, նրա երեխայի մոտ կարող է առաջանալ փոքրագլխություն կամ բնածին այլ արատներ:

Զիկա վիրուսի փոխանցող է համարվում Aedes aegypti մոծակը, սակայն տեսակետ կա, որ այն փոխանցվում է նաեւ սեռական ճանապարհով՝ օրալ սեքի եւ նույնիսկ համբույրի ժամանակ: ԱՄՆ-ում նաեւ գրանցվել է վարակման խորհրդավոր դեպք. հիվանդը չէր մեկնել այն երկրներ, որտեղ նրան կարող էր խայթել Aedes aegypti մոծակը, նաեւ ոչ մի շփում չէր ունեցել վարակվածների հետ:

Ներկայումս հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:



© NEWS.am Medicine