Գեները ճարպակալման ռիսկը մեծացնում են միայն 40 տոկոսով. Գիտնականներ

17:45   28 հուլիսի, 2016

Ճարպակալմամբ տառապող որոշ մարդիկ ամեն ինչի մեղավոր են համարում իրենց գեները: Պարզվում է՝ գեներն իսկապես կարող են կապված լինել ճարպակալման հետ, սակայն նույնիսկ հզորագույն գեները այդ վտանգը մեծացնում են միայն 40 տոկոսով: Դա նշանակում է, որ կա եւս 60-տոկոսանոց հավանականություն, որ ճարպակալում չի լինի, եթե մարդը վարի առողջ կենսակերպ: Brown University-ի հետազոտողները նկարագրել են գենը, մուտացիաները, որոնք ճարպակալման վտանգը մեծացնում են 30-40 տոկոսով:

Խոսքը CREBRF գենի մասին է: Ճարպակալման առաջացման մեջ դրա դերը պարզելու համար, գիտնականները վերլուծել են Սամոայի ավելի քան 5000 բնակիչների գենոմները, որտեղ, ինչպես հայտնի է, ապրում է  գեր մարդկանց հսկայական քանակ. տղամարդկանց 80 եւ կանանց 91 տոկոսը ունի ավելորդ քաշ: Պարզվել է, որ Սամոայի բնակիչների 25 տոկոսը CREBRF գենի տարբերակներից մեկի կրող է:

Այլ բնակիչների մոտ այդ տարբերակը բավական հազվադեպ է հանդիպում, սակայն տարածված են ճարպակալման հետ կապված այլ գեներ: Առավել հայտնի է FTO գենը: Սակայն, գիտնականների կարծիքով՝ չնայած CREBRF գենը հազվադեպ է հանդիպում, առավել հավանական է, որ այն բոլոր հայտնաբերվածներից ամենակարեւոր գենետիկ գործոնն է, քանի որ ճարպակալման վտանգն այն ավելի է մեծացնում, քան մյուս գեները:

Գիտնականների խոսքով՝ CREBRF գենի իրենց հատնաբերած տարատեսակը հրահրում է քաշի ավելացում. բջիջներն սկսում են ճարպի ավելի շատ պաշար հավաքել եւ ավելի քիչ էներգիա ծախսել: Գենի այսպիսի մուտացիան ավելի շուտ ամրապնդվել է սովի ժամանակաշրջանում, սակայն  հիմա, երբ մարդիկ ավելի շատ են ուտում եւ ավելի քիչ շարժվում, այն կորցրել է իր կարեւորությունը, իսկ այն կրողները սկսել են ավելի հաճախ տառապել ճարպակալումից:

Գիտնականները, սակայն, պարզել են, որ գենետիկ այս տարբերակի կրողները, չնայած ավելորդ քաշին, չեն մտել շաքարախտի առաջացման մեծ ռիսկի խմբում: Այս հիվանդությունը նրանց մոտ նույնիսկ հազվադեպ է առաջացել, քան բնակչության այլ անդամների:

Հեղինակները նաեւ նշել են, որ գենետիկ հակվածությունը չպետք է որպես արդարացում ծառայի, եւ մարդիկ պետք է հետեւեն իրենց առողջությանը եւ ճիշտ սնվեն՝ անկախ այն բանից, թե ինչ գեներ ունեն:



© NEWS.am Medicine