Գիտնականները մինի-ուղեղ են աճեցրել Պարկինսոնի հիվանդության հետազոտության համար

23:47   30 հուլիսի, 2016

Սինգապուրցի գիտնականները լաբորատորիայում մինի-ուղեղ են աճեցրել, որը ծրագրում են օգտագործել Պարկինսոնի եւ այլ հիվանդությունների հետազոտության համար:

Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ նեյրոմելանինի արտադրումը նվազում է, որը հանգեցնում է շարժողական գործառույթների խախտման եւ սարսուռի առաջացման: Նրանց մոտ նաեւ նկատվում է դոֆամինի սինթեզի խախտում:

Սինգապուրցի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ հասնել նեյրոմելանինի նյարդային բջիջների արտադրման, ինչպես նաեւ ստեղծել մինի-ուղեղ՝ ֆունկցիոնալապես ակտիվ դոֆամիներգիական նեյրոններով: Լաբորատորիայում աճեցված մինի-ուղեղի երկարությունը չի գերազանցում 3 միլիմետրը: Չնայած համեստ չափերին, յուրաքանչյուր մինի-ուղեղ զարգանում է ինչպես մարդկային ուղեղը: Բջիջները կիսվում են, շերտեր են ձեւավորում, նեյրոնների միջեւ կապեր են ստեղծվում:

Լաբորատոր նոր մոդելը գիտնականներին թույլ կտա մի շարք հետազոտություններ անցկացնել, օրինակ՝ պարզել, թե ինչպես են ուղեղի եւ նրա զարգազման վրա ազդում նոր կամ գոյություն ունեցող դեղամիջոցները: Դրանից բացի, գիտնականները պլանավորում են պարզել, թե ինչն է հատկապես հրահրում Պարկինսոնի հիվանդության առաջացումը:

Մինի-ուղեղի օգտագործումն այլընտրանք կդառնա կենդանիների վրա կատարվող փորձերին, որոնք շատերը ոչ էթիկական են համարում, նաեւ ոչ միշտ արդյունավետ, քանի որ կենդանիների օրգանիզմը մեծապես տարբերվում է մարդկայինից:



© NEWS.am Medicine