Ստամոքսի, աղիների եւ մարսողական համակարգի այլ օրգանների հիվանդություններն այսօր Հայաստանում բավականին տարածված են: Մարսողական համակարգը առողջ պահպանելու վերաբերյալ մի քանի խորհուրդ է տալիս «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Ալլա Գասպարյանը:
1. Օրվա ռեժիմ
Մասնագետի կարծիքով՝ցանկալի է մշտապես նույն ժամին նախաճաշել, ճաշել եւ ընթրել եւ այդպիսի ռեժիմ պահպանել ամբողջ կյանքի ընթացքում՝ սկսած մանուկ հասակից: Սնվելու հստակ ռեժիմը օժանդակում է մարսողությանը եւ այն թեթեւացնում:
Ոչ միայն մարսողության, այլեւ կազմվածքի համար սխալ եւ վնասակար է ամբողջ օրվա ընթացքում չուտելը, իսկ երեկոյան կուշտ ընթրելը (ցավոք, հայերից շատերն են հենց այդպես վարվում):
Երկար ժամեր աշխատող մարդկանց համար, իհարկե, սովորաբար բավական դժվար է սնվելու ռեժիմը հարմարեցնել աշխատանքին, սակայն անհրաժեշտ է ժամանակ գտնել նաեւ քեզ համար եւ քո առողջության:
2. Առողջ սնունդ
Ալլա Գասպարյանը համաձայն է հայտնի ասացվածքի հետ. «ամեն ինչ լավ է չափի մեջ»: Մասնագետի խոսքով՝ եթե հստակ հակացուցումներ չկան, ապա կարելի է ցանկացած մթերք ուտել, սակայն չափավոր:
Ցանկալի է առավել զգուշավոր լինել այն մթերքների հանդեպ, որոնք ստամոքսը եւ աղիները գրգռում են. ճարպոտ, կծու եւ թթու մթերքը չարժե հաճախակի ուտել, հատկապես եթե զգում եք, որ այն վատ է ազդում ձեր մարսողության վրա:
3. Սպորտ
Մասնագետներից շատերի կարծիքով՝ հակացուցումների բացակայության դեպքում սպորտով զբաղվելը նույնպես շատ օգտակար է մարսողական համակարգի համար: Հարկավ, անմիջապես ուտելուց հետո ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անթույլատրելի է. ցանկալի է 2-3 ժամ սպասել, այնուհետեւ նախաձեռնել մարզումները:
4. Մասնագետներ
Եթե ձեզ մարսողության հետ կապված որեւէ խնդիր է անհանգստացնում, չպետք է հուսալ, որ ամեն ինչ ինքնաբերաբար կանցնի: Ինքնաբուժմամբ զբաղվելը եւս վատ գաղափար է, ինչպես նաեւ հարեւանների խորհուրդներին ականջալուր լինելը: Ցանկացած խնդրի առկայության դեպքում առավել ճիշտ է բժշկին դիմելը, միայն այդպես է հնարավոր ճշգրիտ իմանալ, թե հատկապես ինչ խնդիր է ձեզ մոտ ծագել եւ ինչպես է հնարավոր այն գրագետ լուծել: