Անհանգիստ երեխաներն ավելի շատ են ենթարկվում ճարպակալման ռիսկին. հետազոտություն

14:53   20 օգոստոսի, 2016

Նորածին երեխաները, որոնք անհանգիստ վարքով են աչքի ընկնում, շատ են լացում եւ ճչում, կարող են ճարպակալման բախվել արդեն շատ վաղ տարիքում: Նման կարծիք են հայտնել ամերիկացի գիտնականները, որոնք մի քանի տասնյակ նորածին երեխաների մասնակցությամբ փորձ են իրականացրել:

2-ից 18-շաբաթական 25 երեխայի ընտրելով՝ գիտնականները թեստ են անցկացրել, որի ժամանակ երեխաները կամ ձգվել են դեպի ուտելիքը կամ ինչ-որ հետաքրքիր առարկաներ, օրինակ, դեպի խաղալիքները կամ օճառի պղպջակները:

Գիտնականները նշել են, որ անհանգիստ երեխաները ձգվում են հիմնականում դեպի ուտելիքը: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ փորձից առաջ բոլոր երեխաներին կերակրել էին: Ըստ հետազոտողների՝ նման վարքը մեծ վտանգ է ներկայացնում, եթե գնահատենք երեխայի մոտ ավելորդ քաշի առաջացման ռիսկը: Չէ՞ որ ծնողները նույնպես անհանգիստ երեխաներին ավելի հաճախ են կերակրում, երբ նրանք նյարդայնանում են:

Այդ պատճառով, գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել երեխայի սննդակարգին՝ սահմանափակելով քաղցրեղենը կամ այլ համեղ, բայց ճարպակալման տեսակետից վնասակար մթերքները:



© NEWS.am Medicine