Մալարիայի դեպքերի պատճառով Հունաստանի 12 շրջաններում արգելել են արյան դոնորությունը

10:51   24 օգոստոսի, 2016

Հունաստանի 12 շրջաններում ժամանակավորապես արգելել են դոննորական արյուն հանձնել, քանի որ երկրում վերջերս մալարիայի արդեն 4 դեպք է գրանցվել ու եւս 61 մարդ էլ վարակվել է երկրի սահմաններից դուրս: Արգելքը տարածվել է Ֆարկադոնա, Տրիկայա, Պալամա, Էվրոտա, Խալկիդիկի, Ֆիվի, Տեմպե, Մարաֆոն, Արեւմտյան Աչայա, Անդրավիդա–Կիլինի, Լագադա ու Պիլայա շրջանների վրա:

Հունաստանում 40 տարի մալարիա չէր գրանցվել, սակայն 4 տարի առաջ երկրի տարածքում գրանցվել էին վարակվելու դեպքեր, իսկ 2015 թ մալարիայով հիվանդացել էր 85 մարդ, այդ թվում միգրանտներ, զբոսաշրջիկներ, որոնք վերադարձել էին այնպիսի երկրներից, որտեղ դեռ տարածված է մալարիան, մի քանիսն էլ հենց Հունաստանում էին վարակվել:

Այսօր բժիշկները զբոսաշրջիկներին ու երկրի բնակիչներին նախազգուշացնում են, որ անհրաժեշտ է մալարիայի կանխարգելում ռեպելենտների ու հակամոծակային ցանցերի միջոցով: Երկրի ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում հիվանդության դեմ պայքարելու համար, սակայն գումարային խննդիրների պատճառով լրացուցիչ ֆինանսավորում դեռ չի հատկացվում:

Մինչ Հունաստանը պայքարում է հիվանդության դեմ, Աֆրիկայում 2015-ին այն մոտ 400 000 մարդու կյանք է խլել: Մալարիայով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190 մլն-ի: Ավելի քան 3 մլրդ մարդ ապրում է շրջաններում, որտեղ վարակվելու հավանականությունը առավելագույնն է, ու այդ 3 մլրդ-ից միլիոնավորները հնարավորություն չունեն դիմել բժշկական օգնության:

ԱՀԿ-ն կոչ է անում մինչեւ 2030 թ. 10 անգամ կրճատել հիվանդացությունն ու մահացությունը, ինչի համար անհրաժեշտ է առողջապահական նպատակներով հատկացնել գումարներ, որոնք եռակի գերազանցում են ներկա ցուցանիշները:

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօրվա դրությամբ համարվում է մալարիայից ազատ երկիր:



© NEWS.am Medicine