3 մարտահրավեր, որոնց 2016-ին բախվել է Հայաստանի առողջապահական համակարգը

21:41   24 օգոստոսի, 2016

2016 թվականի սկզբից մինչ օրս Հայաստանի առողջապահական համակարգը բախվել է մի շարք մարտահրավերների: Այս մասին մեզ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Խոզի գրիպ

Ինչպես նշեց փոխնախարարը, տարեսկզբին գրանցվել են գրիպի մեծ թվով դեպքեր (այդ թվում՝ խոզի) եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներ: Բժիշկները ստիպված էին հունվարի 1-ից իսկ շատ աշխատել՝ օգնելով հիվանդներին եւ ամեն ինչ անելով երկրում ինֆեկցիայի տարածումը կանխելու համար:

Հիվանդացածության գագաթնակետը հունվարի կեսին էր. հունվարի 18-ին Հայաստանի հիվանդանոցներում 1270 գրիպով եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներով հիվանդ կար: Հետո դեպքերի թիվն սկսեց աստիճանաբար նվազել, սակայն հիվանդներ էին ընդունվում ընդհուպ մինչեւ մարտի վերջը. հունվարին եղել է հոսպիտալացման 3000 դեպք, փետրվարին՝ 2500, մարտին՝ 2200: Ընդհանուր առմամբ ամբողջ սեզոնին գրիպի եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների բողոքներով բժշկական հաստատություններ է դիմել գրեթե 70.000 մարդ:

Չորսօրյա պատերազմ

Ինչպես նշեց Սերգեյ Խաչատրյանը, առողջապահական համակարգի համար հաջորդ մարտահրավերը ապրիլին տեղի ունեցած չորսօրյա պատերազմն էր, որի ընթացքում բժիշկները կատարեցին իրենց պարտքը՝ օգնելով վիրավորներին: Բազմաթիվ բարդագույն վիրահատություններ կատարվում էին վտանգավոր կետերում, որոնք հեռու չէին այն վայրերից, որտեղ դեռ մարտեր էին ընթանում:

Այսօր էլ՝ չորսօրյա պատերազմի ավարտից հետո բժիշկների աշխատանքը չի ավարտվել. նրանք շարունակում են բուժել տուժածներին, օգնում են նրանց վերականգնվել եւ բնականոն կյանք վերադառնալ, նշեց Սերգեյ Խաչատրյանը:

«Մենք պատվով դուրս եկանք ստեղծված իրադրությունից, բայց եւ ինքներս մեզ համար պարզեցինք, որ մեր աշխատանքում դեռ շատ բան կարելի է կատարելագործել»,- հավելեց նա:

«Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության շենքի գրավումը

Այս տարվա հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության շենքի զինված գրավումը եւս առողջապահական համակարգի համար յուրատեսակ մարտահրավեր էր: Ինչպես նշեց փոխնախարարը, այդ օրերին Երեւանի բոլոր կլինիկաներում շուրջօրյա հերթապահություն էր կազմակերպվել, իսկ բժիշկներն անկախ ամեն ինչից օգնում էին տուժողներին:

«Երեք բուժաշխատող պատանդ վերցվեց: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց: Բուժաշխատողներին նրանց կամքին հակառակ պատանդ վերցնելը մենք անընդունելի ենք համարում: Նրանք ամեն ինչ արեցին մարդկանց օգնելու համար եւ շարունակեցին աշխատել նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում էին ոստիկանության շենքի ներսում եւ չէին կարողանում այն լքել»,- նշեց փոխնախարարը:



© NEWS.am Medicine