Սինգապուրում Զիկա վիրուսով տեղային վարակման 41 դեպք են արձանագրել

13:12   29 օգոստոսի, 2016

Սինգապուրում Զիկա վիրուսով տեղային վարակման 41 դեպք են արձանագրել: Այդ մասին հայտնում է Սինգապուրի Առողջապահության նախարարությունը:   

Նրանց հաղորդագրության համաձայն, «վիրուսի փոխանցումը ենթադրաբար տեղի է ունեցել երկրի ներսում, որովհետեւ հիվանդացածներից ոչ մեկը   համաճարակաբանական տեսանկյունից վտանգավոր պետություններ չի այցելել»:

Սինգապուրում տեղական վարակման առաջին դեպքը հաստատվել է անցած շաբաթ, վիրուսն ախտորոշվել է Մալայզիայի   47-ամյա քաղաքացուհու մոտ, որը մշտապես ապրում է հանրապետությունում: 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների խոսքով,  «ավելի վաղ հիվանդացածների մեծամասնությունը (34) արդեն ամբողջությամբ առողջացել է, մնացածները շարունակում են բուժումը Տան Տոկ Սենգի տեղական հիվանդանոցում»:

Այժմ քաղաք-պետության մի շարք շրջաններում նախատեսում են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել վիրուսի փոխանցիչների  (Aedes aegypti մոծակների) ոչնչացման համար:

Առաջին անգամ Զիկա տենդը հայտնաբերվել է Ուգանդայում` 1947 թվականին եւ մինչեւ վերջերս մարդու համար վտանգավոր չէր համարվում: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի  1-ին  Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում նրա տարածումը միջազգային մասշտաբի բժշկական իրավիճակ է ճանաչել: Լուրջ ապացույցներ կան, որ Զիկա վիրուսը հղիների մոտ հանգեցնում է միկրոցեֆալիայի եւ այլ բնածին արատների զարգացման:  

Նշենք նաեւ, որ Զիկա վիրուսը փոխանցվում է ոչ միայն  մոծակների խայթոցների միջոցով, այլեւ` սեռական եղանակով:



© NEWS.am Medicine