Պուերտո Ռիկոյում փորձարկում են Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութը

11:47   30 օգոստոսի, 2016

Ամերիկյան Inovio դեղագործական ընկերությունը հայտնել է, որ Պուերտո Ռիկոյում սկսում է Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

«Պուերտո Ռիկոյում Զիկա վիրուսի տարածման կտրուկ աճը հազվագյուտ հնարավորություն է տալիս իրական աշխարհի պայմաններում գնահատել կանխարգելիչ պատվաստանյութը»- հայտնել է ընկերության տնօրեն Ջոսեֆ Կիմը: Եթե փորձարկումների արդյունքները խոստումնալից լինեն, ընկերությունը կհանդիպի կանոնակարգող պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար պատվաստանյութի մշակման ծրագրերը: Պատվաստանյութը փորձարկվելու է 160 կամավորների վրա:

Առաջին կլինիկական փորձարկումները ԱՄՆ-ում ու Կանադայում ընկերությունն անցկացրել է հունիսին: Այդ փորձարկումների արդյունքները ավելի ուշ կհրապարակվեն, նշում է Associated Press–ը:

Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով ու բնութագրվում է բարորակ ընթացք ունեցող տենդով: Վիրուսը առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ ենթադրվում է, որ այն պտղի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա, որը կարող է ուղեղի ծանր ախտահարումների պատճառ դառնալ:



© NEWS.am Medicine