ԱՀԿ-ն նոր խորհուրդներ է ներկայացրել երեք սեռավարակների բուժման վերաբերյալ

10:39   31 օգոստոսի, 2016

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր խորհուրդներ է ներկայացրել սեռական ճանապարհով փոխանցվող երեք տարածված վարակների բուժման վերաբերյալ՝ քլամիդիոզի, գոնորեայի ու սիֆիլիսի:

Տարեկան աշխարհում 131 մլն մարդ հիվանդանում է քլամիդիոզով, 78 մլն-ը՝ գոնորեայով, 5.6 մլն էլ՝ սիֆիլիսով: Այդ վարակների բուժումն այսօր դժվարանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրի պատճառով:

«Քլամդիոզը, գոնորեան ու սիֆիլիսը հսկայական խնդիր են ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար՝ դրանք անդրադառնում են միլիոնավոր մարդկանց կյանքի որակի վրա՝ առաջացնելով լուրջ հիվանդություններ ու երբեմն էլ մահվան պատճառ դառնալով: ԱՀԿ նոր ռեկոմենդացիաներում ասվում է այդ հիվանդությունները ժամանակին ճիշտ չափաբաժիններով հակաբիոտիկներով բուժելու անհրաժեշտության մասին»- ասել է Իան Ասկյուն, ԱՀԿ վերարտադրողական առողջության ու գիտական հետազոտությունների հարցերով բաժանմունքի տնօրենը:

ԱՀԿ նոր ռեկոմենդացիաների հիմքում վերջին տվյալներն են՝ այդ երեք վարակների բուժման համար առավել արդյունավետ դեղամիջոցների մասին:

ԱՀԿ-ն հիշեցնում է, որ բոլոր երեք վարակներն էլ բակտերիաներ են ու որպես կանոն, բուժվում են հակաբիոտիկների օգնությամբ: Սակայն վերջին ժամանակները որոշ հակաբիոտիկներ կորցրել են իրենց արդյունավետությունը՝ դրանց սխալ կամ չափազանցված գործածման հետեւանքով:

Հակաբիոտիկների հանդեպ ամենամեծ կայունությոնը զարգացել է գոնոկոկերի մոտ: Արդեն հայտաբերվել են բազմակի դեղորայքային կայունությամբ գոնոկոկերի շտամեր, որոնք չեն արձագանքում գոյություն ունեցող հակաբիոտիկներից որեւէ մեկին: Քլամիդիոզի ու սիֆիլիսի դեպքում հակաբիոտիկների նկատմամբ կայունություն նույնպես նկատվում է, չնայած ավելի քիչ:

Եթե մարդը հիվանդ է քլամիդիոզով, գոնորեայով կամ սիֆիլիսով, նրա մոտ երկու- երեք անգամ բարձրանում է ՄԻԱՎ վարակով ախտահարվելու վտանգը: Հղի կնոջ մոտ թվարկված երեք հիվանդություններից մեկի առկայությունը բարձրացնում է մեռելածնության ու նորածնի մահվան հավանականությունը:



© NEWS.am Medicine