Սուպերկայուն բակտերիաներն անզգա են դարձել վերջին գծի հակաբիոտիկների հանդեպ

22:35   31 օգոստոսի, 2016

ԱՄՆ-ից գիտնականներն աղիքային ցուպիկի շտամմ են հայտնաբերել, որը կայուն է ոչ միայն «սովորական» հակաբիոտիկների հանդեպ, այլեւ վերջին գծի երկու հակաբիոտիկի, որոնք օգտագործվում են բացառիկ դեպքերում

Խոսքը կոլիստինի եւ կաբապենեմի մասին է, որոնք, համարվում էր, թե ի վիճակի են հաղթահարել նույնիսկ գերկայուն բակտերիական շտամմները, որոնց առաջ մյուս հակաբիոտիկներն անզոր էին

Հետազոտողներն արդեն պարզել են, որ կոլիստինի հանդեպ կայունության համար պատասխանատու է mcr-1 գենը: Աղիքային ցուպիկի մուտանտային շտամմը, որը կրում է այդ գենը, հայտնաբերվել է արդեն 30 տարբեր երկրում, եւ դա իրոք լուրջ համաշխարհային խնդիր էԲացի այդ, գնալով ավելի մեծ տարածում է ստանում  blaNDM-5 գենը կրող շտամմը, ինչն այն կայուն է դարձնում կարբապենեմի հանդեպ

Իսկ այժմ հայտնի է դարձել այնպիսի բակտերիաների մասին, որոնց գենոմում միաժամանակ ներկա է եւ mcr-1 գենը, եւ blaNDM-5 գենը: Նման բակտերիաները կայուն են դառնում միանգամից երկու հակաբիոտիկի հանդեպ, իսկ դա նշանակում է, որ դրանց դեմ պայքարելը գրեթե անհնար է դառնում: Նման բակտերիաներ արդեն հայտնաբերվել են Գերմանիայից, Վենեսուելայից, Չինաստանից եւ ԱՄՆ-ից հիվանդների նմուշներում: Բարեբախտաբար, այդ շտամի առաջացրած վարակը հաջողվել է հաղթահարել այլ հակաբիոտիկների օգնությամբ, սակայն կրկնակի կայունությամբ շտամմի հայտնաբերումը տագնապալի նշան է:  

Գիտնականների խոսքով, այժմ իրենք ստիպված են պայքարել լիովին այլ շտամմների դեմ, որոնք ի հայտ են եկել վերջին երկու տարվա ընթացքում: Բազմակի կայունությամբ բակտերիաների տարածումը լուրջ խնդիր է, որը հակաբիոտիկների չարդարացված նշանակման հետեւանքն է կամ դրանց սխալ ընդունման: Գիտնականները զգուշացնում են, որ եթե ոչինչ չձեռնարկվի, արդեն մոտ ապագայում հակաբիոտիկակայուն բակտերիաները եւ դրանց առաջացրած վարակիչ հիվանդությունները դարձյալ կսկսեն հարյուր հազարավոր մարդկանց սպանել, մինչեւ հակաբիոտիկի ստեղծումը:   



© NEWS.am Medicine