Ռուսաստանցի բժիշկները հեռացրել են ձվարանի 21 կիլոգրամանոց ուռուցքը

17:40   31 օգոստոսի, 2016

Մոսկովյան բժիշկները ծայրաստիճան հազվագյուտ վիրահատություն են կատարել ձվարանի   21 կիլոգրամանոց ուռուցքի հեռացման համար: Այժմ 56 տարեկան հիվանդը վերականգնվում է վիրահատությունից հետո:

Հիվանդը, որի անունը չի նշվում, Մերձմոսկովյան շրջանի բնակչուհի է: Վերջին 5 տարիների ընթացքում նա անընդհատ գիրանում էր եւ կարծում էր, որ այդ ամենի մեղավորը չափից շատ ուտելն է, սակայն նիհարելու սովորական մեթոդները նրան չէին օգնում: Նա բժիշկներին է դիմել այն ժամանակ միայն, երբ նրա ստամոքսում ցավեր են սկսվել: Շրջանային ուռուցքաբանն անմիջապես հասկացել է, որ կինն ուռուցք ունի, սակայն ավելի ճշգրիտ ախտորոշման համար նրան Մոսկվա են ուղարկել:  

Ռուսաստանի Առողջապահության նախարարության «Բուժվերականգնողական կենտրոնում» մի շարք անհրաժեշտ հետազոտություններ են կատարել եւ ախտորոշում են տվել` աջ ձվարանի ուռուցք: Չարորակ նորագոյացությունը ռեկորդային չափեր ուներ` 41 սմ երկարություն եւ 21 կգ քաշ: Հիվանդի ձախ ձվարանը նույնպես վնասված էր քաղցկեղից, բայց` զգալիորեն ավելի քիչ:    Ավելին, հիվանդությունը դուրս էր եկել ձվարանների սահմաններից. քաղցկեղային բջիջներ էին դիտարկվում նաեւ որովայնախոռոչում: Ընդ որում, ստիպված եղան հիվանդին ՀՏ անել, որովհետեւ ՄՌՏ-ի սարքում նա չէր տեղավորվի: 

Անհրաժեշտ էր հեռացնել ուռուցքը: Կնոջը վիրահատած վիրաբույժներից մեկը, բ.գ.թ. Ի.Ա. Կարեւը մեկնաբանել է.  «Եթե նա բժիշկներին չդիմեր, մահացու ելքն անխուսափելի կլիներ: Նախ` նրա մոտ ստորին սնամեջ երակի ճզմման վտանգ կար, ստորին վերջույթների երակների թրոմբոզի եւ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, որն արագ մահվան պատճառ է դառնում: Եվ այդ դեպքում ոչ շրջանային բժիշկները, ոչ մենք չէին կարողանա փրկել հիվանդին»:

Վիրահատական միջամտությունը հաջող է անցել, չարորակ գոյացությունը կտրել են: Այժմ հիվանդը քիմիաթերապիայի մի քանի սեանսի կարիք կունենա, ինչպես նաեւ ուռուցքաբանի եւ գինեկոլոգի մոտ կանոնավոր հետազոտություններ անցնելու: 

Ինքը` հիվանդը կոչ է անում. «Ես բոլոր կանանց ասում եմ. Սիրելի կանայք, մի լսեք տատիկներին, հեռուստացույցին, Ինտերնետին մի վստահեք, գնացեք բժշկի, ձեզ մի հասցրեք այսպիսի վիճակի: Ցավում է, չի ցավում, մեկ է` պետք է ամեն տարի ստուգվել: Չէ որ մենք երիտասարդ չենք, իսկ մեռնել չենք ուզում»:



© NEWS.am Medicine