Տեսողական պատրանք. կարո՞ղ եք նկարում տեսնել բոլոր 12 կետերը

10:50   19 սեպտեմբերի, 2016

Ճապոնացի պրոֆեսոր Ակիյոսի Կիտաոկան իր Ֆեյսբուքյան էջում մի տեսողական պատրանք է տեղադրել, որը առաջին անգամ Perception ամսագրում 2000 թ-ին է հրապարակվել:

Նկարում պատկերված են մոխրագույն գծեր, որոնց հատման կետերում սեւ կետեր են պատկերված: Միաժամանակ բոլոր 12 կետերը տեսնելը գրեթե անհնար է. մինչ կենտրոնանում ես որոշ կետերի վրա, մյուսներն այլեւս չես նկատում:

Այս նկարը գրավել է շատերի ուշադրությունը՝ որոշ մեկնաբաններ վստահեցնում են, որ իրենց հաջողվել է տեսնել բոլոր կետերը: Շատերը առաջ են քաշել տարբեր վարկածներ՝ փորձելով բացատրել, թե ինչու է իրենց համար ադքան բարդ տեսնել այդ կետերը

Եվ այսպես, ինչո՞ւ է այդքան բարդ դրանք տեսնելը:

Բանն այն է, որ մարդկանց պերիֆերիկ տեսողությունը թերի է՝ շատ դեպքերում եթե ստացված տեղեկությունները բավարար չեն լինում՝ ուղեղը ինքն է լրացնում ու ամբողջականացում պատկերը: Քանի որ նկարի մեծ մասն այս դեպքում զբաղեցնում են հատվող մոխրագույն գծերը, ապա ուղեղը որոշում է, որ նման նախշ կա նաեւ պատկերի պերիֆերիայում (ծայրամասում): Իսկ կետերը ուղեղի ուշադրությունից դուրս են մնում, դրա համար էլ մենք դրանք չենք տեսնում:

Այս պատրանքը համարվում է «Գերմանի ցանցի» տարբերակներից մեկը՝ սեւ ֆոնին սպիտակ գծերից կազմված ցանցը դիտելիս՝ գծերի հատման տեղերում կարելի է տեսնել մութ տարածքներ, որոնք իրականում չկան:



© NEWS.am Medicine