10-ամյա տղան 2 տարի մազ է աճեցրել, որպեսզի կեղծամներ պատրաստի քաղցկեղով հիվանդ երեխաների համար (ֆոտո)

15:30   19 սեպտեմբերի, 2016

10-ամյա Թոմաս Մուրը Մերիլենդից` ԱՄՆ, 2 տարի մազ է աճեցրել, որպեսզի կեղծամներ պատրաստի քաղցկեղով հիվանդ եւ քիմիաթերապիա ստացող երեխաների համար: 

2 տարի առաջ Թոմասը տեսանյութ է դիտել հինգ տարեկան աղջկա մասին, որն իր բոլոր մազերը կորցրել էր քիմիաթերապիայի պատճառով:  Նա անտարբեր չի մնացել եւ որոշել է երկար մազեր աճեցնել, որպեսզի դրանք նվիրաբերի այն երեխաների համար կեղծամ պատրաստելու նպատակով, որոնք, ինչպես այդ տեսանյութի հերոսուհին, մազերից զրկվել էին քիմիաթերապիայի կողմնակի հետեւանքների պատճառով:  

2014 թվականից Թոմասը ոչ մի անգամ մազերը չի կտրել եւ միայն այժմ` 10 տարեկանում վարսավիրի մոտ է գնացել: Նրա կտրած մազերի երկարությունն ավելի քան 16 դյույմ է կազմել. դա մոտ 40 սմ է: Նրա մազերը կհերիքեն երեք կեղծամի համար: 

Տղայի մորաքույրը` Էմբեր Ռեյը իր Twitter-ում տեղադրել է տղայի լուսանկարները մինչեւ կտրելը եւ հետո, եւ հսկայական քանակությամբ վերատեղադրումներ է ստացել:  Օգտատերերը հիացել են տղայի արարքով եւ նրա բարությամբ:



© NEWS.am Medicine