Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ 6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել: Նման նյութերով ներծծված տունն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում այնտեղ ապրող մարդկանց, հատկապես` երեխաների համար: Այդ մասին հայտնում են Սան Դիեգոյի համալսարանի հետազոտողները (ԱՄՆ):
Մարդկանց ճնշող մեծամասնությունը տեղյակ է ծխելու եւ պասիվ ծխելու վտանգների մասին (որի դեպքում ծխողի արտաշնչած ծուխը հայտնվում է իր կողքին գտնվող մարդկանց թոքերում եւ վնասում է նրանց): Այժմ գիտնականներն ահազանգ են հնչեցնում այսպես կոչված երրորդական ծխելու հետեւանքով, դա այն է, երբ մարդը ծխում է տարածքներում եւ մեքենաներում. ծխախոտի ծուխը ներծծվում է մակերեւույթի մեջ` այնտեղ թունավոր մասնիկներ թողնելով, որոնք հետո վնասում են այն մարդկանց առողջությանը, որոնք գալիս են այդ տարածք կամ նստում են ծխողի մեքենան:
Նույնիսկ նրանց տներում, ով արդեն թողել է ծխելը, ծխախոտի ծխի քաղցկեղածին մասնիկները երկար ժամանակ պահպանվում են բազմոցներում, պատերում եւ գորգերում. վերջին ծխած ծխախոտից առնվազն 6 ամիս անց: Այդ տվյալները ստացվել են 90 ծխողի մասնակցությամբ հետազոտության արդյունքում, որոնք պատրաստվում էին վերջ տալ վնասակար սովորությանը: 6 ամսվա ընթացքում հետազոտողները պարբերաբար այցելել են նրանց տներ եւ տարբեր մակերեւույթներից նմուշներ են վերցրել, ինչպես նաեւ հենց ծխողների եւ նրանց հետ ապրող մարդկանց թքի եւ մեզի անալիզներ:
90 կամավորի միայն 8 տոկոսն է կարողացել հաջողությամբ թողնել ծխելը: Բայց այդ մարդկանց բնակարաններում, ինչպես նաեւ նրանց մատներին նիկոտինի մասնիկներ են մնացել: Ծխողների հետ նույն տարածքում ապրող մարդկանց անալիզները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմում եւս քաղցկեղածին բաղադրիչների բարձր խտություններ են եղել, իսկ ամենից վատն այն է, որ այդ խտությունը 6 ամսվա ընթացքում շատ դանդաղ է նվազել, չնայած այն բանին, որ նրանց կողքին արդեն չեն ծխել: Այդ ամենն այն մասին է վկայում, որ ծխողների եւ նրանց շրջապատող մարդկանց համար ծխելու հետեւանքները կարող են անհամեմատ ավելի երկարատեւ լինել, քան շատերին այսօր թվում է: