Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը

23:49   26 սեպտեմբերի, 2016

Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն  Columbia University Medical Center-ի մասնագետները:

Նրանց իրականացրած հետազոտությանը  չափավոր օջախային ալոպեցիայով տառապող  12 կամավոր է մասնակցել:  Հիվանդները  JAK-կինազայի ռուկսոլիտինիբ ինհիբիտոր են ընդունել եւ դեղի ընդունման  3-6 ամսվա ընթացքում հիվանդների   75 տոկոսի մոտ վերականգնվել է նախկինում կորցրած մազածածկույթի մոտ   90 տոկոսը: Մինչ այդ, միջոցն արդեն փորձարկվել էր կենդանիների վրա: 

Բժիշկ Ջուլիան Մակեյ-Ուգգանը ենթադրում է, որ   JAK-կինազայի ինհիբիտորը գուցե առաջին արդյունավետ միջոցն է օջախային ալոպեցիայի դեմ:  Իմիջիայլոց, նոր միջոցը նաեւ թերություններ ունի. դրա ընդունումը դադարեցնելուց հետո մազերը դարձյալ սկսել են թափվել, չնայած` ոչ նույն չափով, ինչպես մինչեւ ռուկսոլիտինիբի կուրսը:   Այդ հետազոտության մասին հայտնում է Journal of Clinical Investigation/Insight ամսագիրը:

Մեկ այլ հետազոտական խումբ  JAK-կինազայի մեկ այլ ինհիբիտոր է փորձարկել` տոֆացիտինիբ դեղամիջոցը:  Այն եւս արդյունավետ է եղել, չնայած ավելի փոքր թվով հիվանդների է օգնել. բարելավումներ դիտարկվել են  հիվանդների 32 տոկոսի մոտ (նրանց մազածածկույթը վերականգնվել է մոտավորապես   50 տոկոսով): Ինչպես ռուկսոլիտինիբի դեպքում, դեղամիջոցի ազդեցությունն այնքան էլ երկարատեւ չի եղել. դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց   8.5 շաբաթ անց հիվանդները դարձյալ սկսել են մազեր կորցնել:

Հիվանդները լավ են տարել երկու դեղամիջոցն էլ, դրանք կողմնակի հետեւանքներ չեն առաջացրել: Հիմնական բարդացումը եղել է իմունիտետի նվազումը եւ, հետեւաբար, հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը: 

Նշենք, որ JAK-կինազայի ինհիբիտորներն արդեն հավանության են արժանացել ոսկրածուծի քաղցկեղի, ինչպես նաեւ ռեւմատոիդ հոդացավի բուժման համար:  Բացառված չէ, որ մոտ ժամանակներս դրանք սկսեն կիրառվել նաեւ ճաղատացման դեմ պայքարում:



© NEWS.am Medicine