Նոր հավելվածը կօգնի սերմնահեղուկի դոնոր ընտրել

17:55   27 սեպտեմբերի, 2016

Նոր հավելված է մշակվել, որը բրիտանացի կանանց կօգնի Լոնդոնի սերմնահեղուկի բանկում գրանցված դոնորներից սերմնահեղուկի դոնոր ընտրել:

Հավելվածը նման է ծանոթությունների կայքի եւ դրանից օգտվելը բավականին հեշտ է. դոնոր գտնել ցանկացող կանայք պետք է ներկայացնեն իրենց հետաքրքրող պարամետրերը եւ բնութագրերը, ինչպիսիք են հասակը, քաշը, մազերի եւ աչքերի գույնը: Կանայք կարող են հնարավոր դոնորներին ֆիլտրել նաեւ ըստ ազգության, կրթության մակարդակի եւ գործունեության տեսակի:

Դոնորին ընտրելով` կինը պետք է մոտ 1200 ԱՄՆ-ի դոլար վճարի, ինչից հետո ցանկալի դոնորի սերմնահեղուկի նմուշը կուղարկվի այն կլինիկա, որում կիրականացվի ԱՄԲ-ի պրոցեդուրան:  

Իսկ եթե կնոջը չհաջողվի իդեալական դոնոր գտնել, նա կկարողանա հայտ թողնել, որում կթվարկվեն բոլոր ցանկալի բնութագրերը: Եթե նման տղամարդ հայտնվի տվյալների բազայում, հավելվածն այդ մասին ազդանշան-ծանուցում կուղարկի: 

Նոր հավելվածի մասին պատմելով` Լոնդոնի սերմնահեղուկի բանկի ներկայացուցիչ Քամալ Ահուան նշել է, որ այն թույլ է տալիս չհայտնել կնոջ անունը: Նա ընդգծել է, որ հավելվածն առայժմ առաջինն է եւ իր տեսակի մեջ միակը:



© NEWS.am Medicine