«Կանաչ հարկ՝ Ծիածանային պարտեզ»-ը նշում է իր 20-ամյակը (ֆոտո)

22:35   28 սեպտեմբերի, 2016

Հայաստանի «Կանաչ հարկ- Ծիածանային պարտեզը» նշում է իր 20-ամյակը: Այն տարածաշրջանում միակ կենտրոնն է, որը ստեղծված է ֆրանսիացի հոգեվերլուծաբան Ֆրանսուազա Դոլտոյի «Կանաչ տան» մոդելով եւ կարողացել է շարունակել իր գործունեությունը՝ չնայած երկրում ոչ այնքան բարենպաստ սոցիալական իրադրությանը:

«Կանաչ հարկ Ծիածանային պարտեզը» հիմնվել է 1996-ին՝ Երեխաների պաշտպանության ֆրանսիական միության նախագահ Վիլլի Բարալի աջակցությամբ, որը Ֆրանսուազա Դոլտոյի իրավահաջորդն է: Կենտրոնի ղեկավարը մանկավարժ, հոգեբան Կարինե Բարիկյանն է:

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում Պարտեզի փոխտնօրեն Նարինե Հովսեփյանը պարզաբանեց, որ Կանաչ հարկը 0-4 տարեկան երեխաների վաղ սոցիալականացման կենտրոն է: Դա այն տարիքն է, երբ երեխաները քիչ են լինում հասարակության մեջ, հիմնականում իերնց ընտանիքների անդամների հետ են շփվում: Երեխան պետք է կենտրոնում պարտադիր ծնողի հետ գտնվի, քանի որ ըստ Դոլտոյի տեսության՝ այդ տարիքի երեխաներին չի կարելի բաժանել մորից: Այստեղ օգնում են եռակի կապ հաստատել՝ ծնող- հասարակություն- երեխա: Կանաչ հարկում ադապտացում անցնելու շնորհիվ երեխաները հետո առանց որեւէ խնդիրների մանկապարտեզ են հաճախում ու դպրոց:

Կանաչ հարկի 20-ամյակի տոնակատարության շրջանակում կազմակերպվել էր աշխատակիցներից մեկի՝ Ալբերտ Մելքոնյանի աշխատանքների (հայկական մանրանկարչության կրկնօրինակների) ցուցահանդեսը:

[gallery id=72]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am Medicine