Ամեն տարի Հայաստանում սրտանոթային հիվանդությունների 55 000 նոր դեպք է գրանցվում

16:15   29 սեպտեմբերի, 2016

Ամեն տարի Հայաստանում սրտանոթային հիվանդությունների մոտ  55 000 հազար նոր դեպք է գրանցվում: Այդ մասին լրագրողներին պատմել է Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: 

Նրա խոսքով, Հայաստանում գրանցվող բոլոր հիվանդությունների ավելի քան   40 տոկոսը եւ բոլոր մահերի մոտ 37 տոկոսը կապված են սրտանոթային համակարգի հետ: Ավելին, հաշմանդամությամբ ամեն երրորդ մարդու հաշմանդամության պատճառը դարձել է հենց սրտանոթային համակարգը: 

Սրտի եւ անոթների հիվանդությունների մոտ 80 տոկոսը, նշել է մասնագետը, հեշտորեն կանխարգելելի են, որովհետեւ կապված են մարդու կենսակերպի եւ ռիսկի այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք եք ծխելը, հիպոդինամիան, ալկոհոլի, աղի չարաշահումը, ինչպես նաեւ ավելորդ քաշը եւ նյութափոխանակային խանգարումների առկայությունը:  Եթե մարդիկ ավելի առողջ կենսակերպ վարեն եւ խուսափեն ռիսկի այդ գործոններից, սրտանոթային հիվանդություններով հիվանդացումը կտրուկ կնվազի: 

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 29-ին նշվում է Սրտի համաշխարհային օրը   (World Heart Day), որն առաջին անգամ կազմակերպվել է 1999 թվականին` Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Այդ ակցիային իր աջակցությունն են հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  (ԱՀԿ), ՅՈՒՆԵՍԿՈ-ն եւ այլ նշանակալի կազմակերպություններ:  

Ի սկզբանե օրը նշվել է սեպտեմբերի վերջին կիրակի օրը, սակայն  2011 թվականից ի վեր դրա համար ամսաթիվ է ամրագրվել` սեպտեմբերի 29-ը: Օրվա հիմնական նպատակն է հանրության մեջ բարձրացնել այն վտանգավորության գիտակցումը, որն իրենցից ներկայացնում են սրտանոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում: Այս տարի Սրտի համաշխարհային օրն անցնում «Սիրտ կյանքի համար» նշանաբանի ներքո:



© NEWS.am Medicine