Ակնեով մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները

21:20   30 սեպտեմբերի, 2016

Այն մարդիկ, որոնք պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, որոնք մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել:  Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի երիտասարդ են երեւում: Այդ մասին հայտնում են  King's College London-ի գիտնականները:

Սիմոն Ռիբերոն նշել է, որ գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ ակնեից տառապող մարդկանց մաշկն ավելի դանդաղ է ծերանում, քան իդեալական, խնդիրներ չունեցող մաշկը. մասնավորապես, ակնեով մարդկանց մոտ զգալիորեն ավելի ուշ են կնճիռներ հայտնվում: 

Նոր հետազոտությանը երկվորյակ կանանց 1205 զույգ է մասնակցել, որոնց մեկ քառորդը պզուկներ է ունեցել: Հեղինակները պարզել են, որ նրանք, ովքեր ակնեով են տառապել, ավելի երկար տելոմերներ են ունեցել:  Տելոմերները տեղադրված են քրոմոսոմների վերջում եւ տարիքի հետ դրանք կարճանում են: Ենթադրվում է, որ առավել երկար տելոմերներով մարդիկ ավելի դանդաղ են ծերանում, քան նրանք, ում մոտ դրանք կարճացած են:   Շատ գիտնականներ այսօր աշխատում են տելոմերների կարճացումը դանդաղեցնելու միջոցների վրա, ինչը տեսականորեն կարող է կանգնեցնել ծերացումը: 

Գիտնականները նաեւ հայտնաբերել են գեներից մեկը, որը   վերահսկել է եւ տելոմերների երկարությունը, եւ պզուկների ի հայտ գալը:  Նրանք ցույց են տվել, որ ակնեով տառապող մարդկանց մոտ դանդաղած է եղել P53 ազդանշանային ուղու ակտիվությունը, որը գործարկվում է ապոպտոզի գործընթացում: Հենց ապոպտոզի, այսինքն` բջիջների ծրագրված մահացության հետեւանքով է տեղի ունենում տելոմերների կարճացումը:



© NEWS.am Medicine