Հայաստանի սրտաբաններն իրականացնում են միջազգային չափորոշիչներին համապատասխանող ծառայություն – նախարար

20:19   30 սեպտեմբերի, 2016

Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրման 55­ամյակը նշանավորում է ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկող երկօրյա գիտաժողովով։

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այդ առթիվ շնորհավորեց  ինչպես վեհաժողովի մասնակիցներին, ինստիտուտի կոլեկտիվին, այնպես էլ` Հայաստանի բոլոր սրտաբաններին։ Նա նշեց, որ մարդկության առջեւ ծառացած լուրջ մարտահրավերներից մեկը սրտանոթային հիվանդությունների բարձր հիվանդացությունը եւ մահացությունն է։  Նա ուրախությամբ փաստեց, որ Հայաստանի սրտաբաններն իրականացնում են միջազգային չափորոշիչներին  համապատասխանող ծառայություն: Դրանում իրենց դերակատարությունն են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքահայ մասնագետները։

Սրտաբանության ոլորտում որպես լուրջ ձեռքբերում ընդգծվեց Հանրապետության նախագահի ծրագրային դրույթներից բխող` սուր ինֆարկտի դեպքում սրտի անհետաձգելի վիրահատության  ծրագրի իրականացումը, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվում:

Սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 55­ամյակի առթիվ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում նշվում էր, որ  պետության ջանքերով հնարավոր է եղել նվազեցնել սրտի կարեւորագույն հիվանդությունների ինքնարժեքը, ինչը զգալիորեն բարձրացրել է որակյալ բուժօգնության հասանելությունը Հայաստանի քաղաքացիների համար:

Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հայաստանի անկախության 25 ամյակի առիթով սրտաբանության զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաեւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվեց պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը։

Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի 55-ամյակի կապակցությամբ առողջապահության համակարգում երկարատեւ եւ անմնացորդ աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով պարգեւատրվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Կարլեն Ադամյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Ռուդոլֆ Գաբրիելյանը եւ Սվետլանա Գուրգենյանը։



© NEWS.am Medicine