Բժիշկները ֆիթնես-թրեքերն անօգուտ են համարում

11:53   7 հոկտեմբերի, 2016

Ֆիթնես-թրեքերի օգտագործումը զգալի ազդեցություն չունի ֆիզիկական վարժությունների ինտենսիվության վրա: Այս մասին է վկայում բժիշկների միջազգային խմբի իրականացրած հետազոտությունը:

Մեկ տարվա ընթացքում գիտնականները հետեւել են 800 մարդու առողջությանը (քաշին, արյան ճնշմանը եւ զարկերակին) եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվությանը: Մասնակիցներից ոմանք դրամական պարգեւատրում են ստացել ֆիթնես-ապարանջան կրելու համար:

Առաջին վեց ամիսներին այն մասնակիցները, որոնք նյութական խթանում էին ստանում, ցուցադրել են ֆիզիկական ակտիվության աճ: Սակայն մեկ տարի հետո այդ ցուցանիշը վերադարձել է նախնական մակարդակին:

Դրամական պարգեւատրում չստացող մասնակիցների շրջանում մեկ տարի հետո նկատվել է աերոբիկայի վարժություններով զբաղվելիս ֆիզիկական ակտիվության տեւողության աճ (միջինը շաբաթական 16 րոպե): Այդուհանդերձ, հետազոտության հեղինակների կարծիքով, այն աննշան է, որպեսզի հանգեցնի առողջական վիճակի զգալի լավացման:

Այս հետազոտությանը նվիրված հոդվածը հրապարակվել է The Lancet Diabetes and Endocrinology ամսագրում, դրա մասին համառոտ հայտնում է The Telegraph պարբերականը:



© NEWS.am Medicine