Չինական դպրոցի ավելի քան 300 աշակերտներ վարակվել են դիզենտերիայով

11:46   20 հոկտեմբերի, 2016

Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի տարրական դպրոցներից մեկում աշակերտների զանգվածային սննդային թունավորման պատճառ կարող է լինել դիզենտերիայի Shigella sonnei բակտերիան: Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են հիվանդությունների վերահսկողության տեղական գերատեսչությունում:

Հոկտեմբերի 18-ի կեսօրից Հունվենի դպրոցի բազմաթիվ աշակերտների մոտ հիվանդության նախանշաններ են ի հայտ եկել: Հոկտեմբերի 19-ի վաղ առավոտի դրությամբ ավելի քան 300 աշակերտներ հոսպիտալացվել են:

Բժիշկները նրանց արտաթորանքում Shigella sonnei ցուպիկի շտամ են հայտնաբերել: Միաժամանակ, հիվանդների արյան անալիզի արդյունքները լեյկոցիտների բարձր մակարդակ են արձանագրել, ինչը նույնպես հաստատում է վարակվելու հնարավորությունը:

Shigella sonnei-ը Shigella տեսակի D ենթախմբի բակտերիաների տեսակ է, որը համապատասխան ջերմաստիճանի պայմաններում կարող է բազմանալ ջրում եւ սննդամթերքում եւ աղեստամոքսային ինֆեկցիա առաջացնել՝ բակտերիալ դիզենտերիա:

 



© NEWS.am Medicine