Այսօր Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օրն է

22:37   20 հոկտեմբերի, 2016

Ամեն տարի ողջ աշխարհում հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը հիվանդության մասին` կոչ անելով պահպանել անհրաժեշտ միջոցառումները, ժամանակին ախտորոշել եւ սկսել բուժումը:

Օստեոպորոզը մարդու ոսկրային համակարգի ամենատարածված հիվանդություններից է, որը խոշոր առողջապահական խնդիր է: Այն բնութագրվում է ոսկրերի ցածր խտությամբ, ոսկրային հյուսվածքի թուլացմամբ եւ դրա կառուցվածքի խախտմամբ, ոսկրերի ամրության իջեցմամբ եւ կոտրվածքների առաջացման հավանականության աճով: Կոտրվածքները եւ դրանց բարդություններն օստեոպորոզի լուրջ կլինիկական հետեւանքներն են: Առավել հաճախ կոտրվում են ողերը (ողնաշար), ազդրի պրոքսիմալ հատվածը (ազդրոսկր) եւ նախաբազկի դիստալ հատվածը (դաստակ): Մեծահասակ հիվանդների մոտ կոտրվածքների մեծ մասը տեղի են ունենում ոսկրերի ցածր խտության հետեւանքով, նույնիսկ, եթե վնասվածքը եղել է ոչ լուրջ: Ցանկացած ոսկրային խոշոր նոր կոտրվածք 50 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց մոտ պետք է լուրջ պատճառ դառնա հետագայում հետազոտվելու, օստեոպորոզն ախտորոշելու եւ բուժելու համար:

Ոսկրերի պարագայում առողջ սնուցման երեք բաղադրիչն են` կալցիումը, վիտամին «Դ»-ն եւ սպիտակուցը: Կալցիումն անհրաժեշտ է ոսկրի զանգվածի կուտակման համար: Կաթնամթերքը, ձկնեղենը, կանաչեղենը, սալորաչիրը մեծ քանակությամբ կալցիում են պարունակում: Վիտամին «Դ»-ն, ինչը ստանում ենք արեւի ճառագայթներից եւ ձկնեղենից, նպաստում է կալցիումի ներծծմանը: Սպիտակուցը կարեւոր է ոսկրային հյուսվածքի ձեւավորման համար:

Մասնագետները մեծ կարեւորություն են տալիս հավասարակշռված սննդի կիրառությանը վաղ մանկական տարիքից ի վեր, ճիշտ սննդակարգը կարեւոր է հենաշարժողական համակարգի ճիշտ ձեւավորման համար:

Տարիքով պայմանավորված կալցիումի դեֆիցիտը բացասաբար է ազդում ոսկրերի որակի վրա, խանգարում է երեխայի աճը, առաջացնում է ռախիտի նշաններ,  հանգեցնում աճի դանդաղեցման, երբեմն օստեոպենիայի ձեւավորման: Ոսկրը հասնում է առավել զարգացման մինչեւ 30 տարեկանը: Զրոյից մինչեւ 25-30 տարեկանը ձեւավորվում է, այսպես կոչված, ոսկրային զանգվածի «գագաթնակետը»: Դրանից հետո աստիճանաբար սկսվում է ոսկրային զանգվածի կորուստ, ինչն առավել արագ է ընթանում 50-60 տարեկան անձանց շրջանում:

Ամբողջ աշխարհում մասնագետները խորհուրդ են տալիս կանխարգելել օստեոպորոզի բարդությունները` ճիշտ սննդակարգի սահմանումով, ժամանակին ախտորոշիչ հետազոտություններ անցնելով:

Հայաստանում օստեոպորոզի եւ դրա բարդությունների կանխարգելման ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում հասարակական կազմակերպությունները:



© NEWS.am Medicine