ԱՄՆ-ում աճում է վեներական վարակներով հիվանդացությունը

10:59   21 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ-ում աճում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեպքերը: Այս մասին հայտնել են հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնի (CDC) մասնագետները:

Հյուսիսային Ամերիկայում ամենից հաճախ հանդիպող վեներական հիվանդություններից են խլամիդիոզը (1.5 մլն դեպք), գոնորեան կամ սուսանակը (400 հազար դեպք) եւ սիֆիլիսը (24 հազար դեպք):

CDC-ի տնօրեն Ջոնաթան Մերմինի խոսքով՝ այս թվերը ցույց են տալիս, որ սեռավարակների կանխարգելմանն ուղղված բժշկական ջանքերը շարունակում են ցածր մակարդակի վրա մնալ:

Խլամիդիոզի դեպքերի երկու երրորդն ու գոնորեայի դեպքերի կեսը բաժին են ընկնում 15-24 տարեկաններին: Միաժամանակ, հաճախ կլինիկաներ են այցելում նույնասեռական տղամարդիկ: Կանանց շրջանում սիֆիլիսով վարակվելու դեպքերը 2015 թվականին աճել են ավելի քան 27%-ով, չնայած նախկինի պես ցածր մակարդակի վրա են մնում (բոլոր դեպքերի 10%-ից էլ պակաս):

Այդ խնդիրը լուծելու համար CDC-ն հանրությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել վեներական հիվանդությունների եւ անվտանգ սեքսի թեմաներով քննարկումներին: Բացի այդ, մասնագետների կարծիքով, սեռավարակների առկայության բուժզննումը պետք է ստանդարտ բուժօգնության պարտադիր մաս դառնա:



© NEWS.am Medicine