Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են փրկել սրտի կաթվածից

20:43   24 հոկտեմբերի, 2016

Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են ծերության տարիներին մարդուն փրկել սրտի կամ ուղեղի կաթվածից: Journal of Cardiopulmonary Rehabilitation and Prevention-ում հրապարակված հոդվածում պնդում են Մոնրեալի համալսարանի սրտաբանները:

«Սրտի հիվանդություններով տառապող մարդիկ կարող են կտրուկ նվազեցնել սրտի կամ ուղեղի կաթվածի հավանականությունը՝ բարելավելով իրենց ֆիզիկական վիճակը: Ընդ որում, պետք չէ ամբողջությամբ սպորտին տրվել»,- հայտարարել է հետազոտողներից Դենիել Կուրնիեն:

Սրտաբանները 200 մարդու մասնակցությամբ փորձ են անցկացրել: Նրանք վերջերս ուղեղի կաթված են տարել, սրտի իշեմիկ կամ սիրտ-անոթային այլ հիվանդություններ են ունեցել: Նրանց խնդրել են հեծանիվ-մարզասարքի վրա մարզվել:

«Այդ վարժության ընթացքում մենք հետեւում էինք նրանց սրտի, անոթների եւ այլ օրգանների վիճակին: Անալիզը ցույց տվեց, որ համեմատաբար նորմալ ֆիզիկական պատրաստվածություն ունեցողները շատ ավելի լավ են հաղթահարել ծանրաբեռնվածությունը, քան փորձի մյուս մասնակիցները: Դա մի քանի անգամ նվազեցնում է սրտի կամ ուղեղի կաթվածի կրկնության հավանականությունը»,- հավաստում են գիտնականները:

Նրանք կոչ են անում հետեւել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պարզ խորհուրդներին եւ շաբաթական 150 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին: Այդ դեպքում, ըստ մասնագետների, սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների պատճառով մահվան հավանականությունը չափազանց փոքր կլինի:



© NEWS.am Medicine