Էլեկտրոնային սիգարետները չեն օգնում ծխելը թողնելուն. գիտնականներ

15:30   24 հոկտեմբերի, 2016

Բազմաթիվ ծխողներ անցնում են էլեկտրոնային սիգարետների՝ հույս ունենալով, որ դրանք կօգնեն թողնել ծխելը: Բայց իրականում էլեկտրոնային սիգարետները ոչ միայն չեն օգնում այդ վնասակար սովորույթից ազատվելուն, այլ հակառակը, խանգարում են: Այս մասին հաղորդում են գերմանական IFT-Gesundheitsförderung ինստիտուտի գիտնականները, որոնք հարցում են անցկացրել ծխելը թողնել ցանկացողների կուրսերի մասնակիցների շրջանում:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ էլեկտրոնային սիգարետներն իրականում նվազեցնում են ծխելը թողնելու փորձերի արդյունավետությունը: Ծխելը թողնելու կուրսերին հաճախելուց մեկ տարի անց էլեկտրոնային սիգարետ ծխողների միայն 20%-ին է հաջողվել հաջողության հասնել: Մինչդեռ էլեկտրոնային սիգարետներից չօգտվող ծխելը թողածների մասնաբաժինը կազմել է 39%:

Գերմանիայի առողջապահության նախարար Գերման Գրյոեն նշել է, որ վերջին տարիներին ծխելու դեմ պայքարում կարողացել են հասնել դեռահասների շրջանում ծխողների թվի նվազման՝ 2001 թվականի 27%-ից 2015-ին հասցնելով 8%-ի: Սակայն նախարարը կոչ է արել ուշադիր հետեւել էլեկտրոնային սիգարետների եւ նման այլ արտադրանքի շուկայի զարգացումներին:

Ակնհայտ է, որ որոշ նորարարություններ կարող են լուրջ վնաս հասցնել: Ըստ մասնագետների՝ անհրաժեշտ է ձգտել հետեւել, որպեսզի արգելվի էլեկտրոնային սիգարետների վաճառքը երեխաներին եւ դեռահասներին:

Նշենք, որ բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ հարկավոր է ծխելը թողնել միանգամից, իսկ աստիճանաբար ծխախոտի թիվը նվազեցնելն այնքան էլ արդյունավետ չէ, եւ սովորաբար այդ տարբերակն ընտրած մարդկանց այդպես էլ չի հաջողվում թողնել ծխելը:



© NEWS.am Medicine