ՄԱԿ-ն ու ԱՀԿ-ն զգուշացնում են. կապարը մահացու վտանգավոր է

10:42   25 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 23-29-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը կապարից թունավորման կանխարգելման Միջազգային շաբաթ են անցկացնում: Նպատակն է՝ հասնել կապար պարունակող ներկերի օգտագործումը դադարեցնելուն, որոնք մինչեւ հիմա կիրառվում են բազմաթիվ երկրներում: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի կայքը:

Կապարը թունավոր նյութ է, որի կուտակումն ազդում է օրգանիզմի մի շարք համակարգերի վրա: Այն վտանգավոր է հատկապես փոքր տարիքի երեխաների համար: Կապարից թունավորումը կանխել հնարավոր է, սակայն ամեն տարի դրա ազդեցությամբ երեխաների մոտ մտավոր հետամնացության 600 հազար նոր դեպք է արձանագրվում:

Գնահատականների համաձայն՝ կապարը տարեկան 143 հազար մահվան պատճառ է դառնում: Ընդ որում, ամենածանրը զարգացող տարածաշրջաններում իրավիճակն է:

2011 թվականին ներկերում կապարի կիրառումից հրաժարվելու շուրջ Գլոբալ ալյանս է ձեւավորվել: Դրա նպատակներից է՝ հասնել կապար պարունակող ներկերի օգտագործման արգելքի:

«ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) եւ ԱՀԿ-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ միայն 62 կառավարություններ են հաստատել, որ իրենց երկրներում կապար պարունակող ներկերի օգտագործման վերահսկողության՝ իրավաբանորեն պարտավորեցնող նորմեր են գործում»,- ասված է ԱՀԿ-ի հաղորդագրությունում: Կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանն ու Բելառուսն այդ երկրների թվում են: Ուկրաինայում նման օրենսդրություն չկա:



© NEWS.am Medicine