Տոքսոպլազմոզը կարող է հանգեցնել տարեց մարկանց հիշողության խանգարման

17:57   25 հոկտեմբերի, 2016

Տոքսոպլազմոզը, որով մարդիկ կարող են վարակվել հում մսից եւ կատվի ճանկռվածքից, թուլացնում է իմունային համակարգը եւ հղի կնոջ արգանդում պտղին կարող է լուրջ վնաս պատճառել: Այժմ Դորտմունդի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանի հետազոտողները կապ են հայտնաբերել այդ հիվանդության եւ մեծ տարիքում հիշողության խանգարումների միջեւ:

Հետազոտության համար գիտնականները 65 տարեկանից մեծ 42-ական մարդուց բաղկացած երկու խումբ են ընտրել: Առաջին խմբի հետազոտվողների արյան մեջ տոքսոպլազմոզի հակամարմիններ են հայտնաբերվել, իսկ վերստուգող խմբի մեջ ներառվել են այդ հիվանդությամբ չհիվանդացած մարդիկ: Բոլոր մասնակիցներին հարցեր են տրվել կյանքի որակի վերաբերյալ, նրանք ուշադրության, հիշողության, կենտրոնանալու ունակության եւ տեղեկության արագ մշակման թեստեր են անցել:

Արդյունքները ցույց են տվել, որ աշխատանքային հիշողության արդյունավետությունը տոքսոպլազմայի հակամարմիններով մարդկանց մոտ 35 տոկոսով ցածր է եղել՝ ի տարբերություն այն մարդկանց, որոնք երբեւէ այս հիվանդությամբ չեն հիվանդացել: Էլեկտրաէնցեֆալոգրային տվյալները եւս հաստատել են երկու խմբերի ներկայացուցիչների միջեւ ինտելեկտուալ տարբերությունները:

Քանի որ հետազոտության մասնակիցների թիվը փոքր էր, առայժմ վաղ է հետազոտությանը լուրջ վերաբերվել: Բացի այդ, արժե նշել, որ տարեց տարիքում հիշողությունը կախված է գործոնների մի ամբողջ շարքից: Չարժե բացառել նաեւ այն հնարավորությունը, որ տոքսոպլազմոզով հիվանդացած մարդկանց խմբում ընդգրկվել են ի սկզբանե իտելեկտուալ ցածր հատկություններով մարդիկ: Ցանկացած դեպքում, տոքսոպլազմոզի եւ հիշողության խանգարման միջեւ կապը հաստատելու համար ցանկալի է փորձը կրկնել ավելի մեծ թվով մարդկանց մասնակցությամբ եւ ավելի խիստ ընտրության պայմաններում:



© NEWS.am Medicine