Johnson & Johnson-ին պարտավորեցրել են ավելի քան 70 մլն դոլար վճարել ձվարանների քաղցկեղով հիվանդ եւս մեկ կնոջ

12:39   28 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքի երդվյալ ատենակալների դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է ավելի քան 70 մլն դոլար վճարել կնոջը, ով հայտարարել է, որ ընկերության արտադրանքի օգտագործումն իր մոտ քաղցկեղ է առաջացրել:

Associated Press գործակալության տեղեկություններով՝ Քալիֆորնիայի նահանգի Մոդեսթո քաղաքի բնակչուհի Դեբորա Ջանեկինին երկար ժամանակ օգտվել է ընկերության մանկական փոշենյութից: 2012 թվականին բժիշկները նրան ձվարանների քաղցկեղ են ախտորոշել: Հայցի քննարկումը սկսվել է սեպտեմբերի 26-ին:

«Մենք գոհ ենք, որ ատենակալները ճիշտ որոշում կայացրեցին: Նրանք հերթական անգամ հաստատեցին Johnson & Johnson ընկերության կողմից այդ արտադրանքի օգտագործմամբ պայմանավորված ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգի մասին մարդկանց զգուշացնելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է հայցվորի փաստաբան Ջիմ Օնդերը:

«Մենք կարեկցում ենք այդ կնոջը եւ այն ընտանիքներին, որոնք տառապել են ձվարանների քաղցկեղով: Մենք մտադիր ենք բողոքարկել այսօրվա վճիռը, որովհետեւ գիտությամբ ենք առաջնորդվում, որը հաստատում է Johnson's Baby փոշենյութի անվտանգությունը»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Քերոլ Գուդրիչը:

Սա համանման առաջին դեպքը չէ: Մայիսին Միսսուրի նահանգի ատենակալների դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել էր  55 մլն դոլար վճարել մի կնոջ, որը նույնպես հայտարարել էր, որ ընկերության արտադրանքն է իբրեւ իր մոտ ձվարանների քաղցկեղ առաջացրել: Փետրվարին նույն դատարանը որոշել էր, որ Johnson & Johnson ընկերությունը պետք է 72 մլն դոլար վճարի ամերիկուհու ընտանիքին, որը մահացել էր քաղցկեղից, որն իբրեւ նույնպես ընկերության արտադրանքի օգտագործման հետեւանք էր:



© NEWS.am Medicine