Առաջին փուլում կապահովվի սոցիալապես անապահով քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների հասանելիությունը

19:19   28 հոկտեմբերի, 2016

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել` ընդհանուր 134,0 մլն դրամի չափով։

Ինչպես արդեն տեղեկացվել է, «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության եւ սպասարկման մի շարք ծառայությունների գները վերանայվել են` համապատասխանեցվելով  ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձեւավորվող գներին, ինչը հնարավորություն կընձեռի պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ սպասարկել։

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության նախագահի որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության դրույթներով`  Համաշխարհային բանկի ֆինանասավորմամբ իրականացվող վարկային ծրագրի մրցույթների արդյունքում առաջացած տնտեսումների հաշվին վերջերս Գորիսի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրիչ։ Կազմակերպությանը հատկացվել է գումար՝ տվյալ ծառայությունը պետական պատվերով իրականացնելու համար: Այսպիսով, Սյունիքի մարզի, ինչպես նաեւ ԼՂՀ-ի մոտակա տարածքների քաղաքացիներն այսուհետեւ համակարգչային շերտագրություն կարող են անցնել այդ կենտրոնում։

Իրականացված միջոցառումների արդյունքում ծրագրի շրջանակներում հերթագրված բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները սահմանված կարգով կարող են դիմել բժշկական կազմակերպություն եւ անցնել համապատասխան հետազոտությունը:

Ներկայումս հաշվարկներ են կատարվում պետական պատվերից օգտվող մյուս խմբերի, մասնավորապես՝ զինծառայողների եւ սոցփաթեթի շահառուների համար անհրաժեշտ հետազոտությունները եւս կազմակերպելու նպատակով։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Հարցերի եւ բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱՆ թեժ գիծ` 010-52-88-72, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ 8003 կամ 65 47 11 հեռախոսահամարներով։

 



© NEWS.am Medicine