D վիտամինը պաշտպանում է սուր շնչառական հիվանդություններից. հետազոտություն

23:45   18 նոյեմբերի, 2016

«Արեւային» D վիտամինի մեծ չափաբաժինը տարեցների մոտ 40%-ով նվազեցնում է սուր շնչառական հիվանդությունների առաջացման վտանգը: Հետազոտության արդյունքում նման եզրահանգման են եկել Կոլորադոյի համալսարանի գիտնականները:

«D վիտամինը լավացնում է իմունային համակարգի աշխատանքը, օգնում պայքարել ինֆեկցիաների դեմ, քանի որ այն ուժեղնում է իմունային համակարգի պաշտպանության «առաջին գիծը»»,- նշել է Ադիթ Գինդեն:

Հետազոտողները մեկ տարի շարունակ հետեւել են 60-90 տարեկան 107 կամավորի, որոնք կեսն ամեն ամիս մեծ չափաբաժնով D վիտամին է ընդունել (սովորական ամսական նորմայից շուրջ 8 անգամ ավելի): Արդյունքում հենց այդ խմբի մարդկանց մոտ է նկատվել սուր շնչառակա հիվանդություններով հիվանդացության հաճախակության կրկնակի նվազում:

Սակայն բավական տհաճ կողմնակի ազդեցություն է արձանագրվել. մեծ քանակությամբ D վիտամին ընդունող մարդիկ սկսել են մոտ երկու անգամ ավելի հաճախ ընկնել: Գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչի հետ է դա կապված, եւ ծրագրում են նոր գիտափորձ կատարել՝ պատճառները պարզելու համար:

Ամեն դեպքում, աշխատանքի հեղինակները ստացված արդյունքներն օգտակար եւ հեռանկարային են համարում:

«Այս բացահայտումը կարող է փրկություն դառնալ բազմաթիվ տարեցների համար: Բժիշկները քիչ բան կարող են անել՝ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մեզ օգնելու համար, քանի որ հակաբիոտիկները չեն ազդում այդ վարակներն առաջացնող վիրուսների վրա: D վիտամինը, կարծես, կարող է օգնել այդ հարցում: Եթե մեր ստացած արդյունքները հաստատվեն, ապա մեծ քանակությամբ այս նյութի ընդունումը կարող է զգալիորեն թեթեւացնել ձմռան շրջանում վարակված տարեցների վիճակը»,- կարծում է Գինդեն:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Geriatrics Society ամսագրում:



© NEWS.am Medicine