Աղջիկը ծննդաբերության ժամանակ է իմացել իր հղիության մասին (ֆոտո)

19:54   26 մարտի, 2014

18-ամյա Ջեսիկա Էլիկովսկին (Jessica Elikowski) պատկերացում անգամ չի ունեցել, որ հղի է եղել: Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա այդ մասին իմացել է միայն ծննդաբերության ժամանակ:

Վերջին շրջանում Ջեսիկան տառապել է մեջքի եւ ծնկների հատվածում ցավերից, բայց մտածել է, որ պատճառն ավտովթարն է, որին ենթարկվել է 2012 թվականին: Նա նույնիսկ ծննդաբերությունից երեք ամիս առաջ ծնկի վիրահատության է ենթարկվել, սակայն մինչեւ երեխայի ծնվելը ցավերը չեն դադարել:

Հետագայում Ջեսիկան պատմել է, որ գիշերը ցանկացել է զուգարան գնալ, այդ ժամանակ էլ որովայնի ներքեւի հատվածում ցավեր են սկսվել: Աղջիկն այդ ընդունել է որպես դաշտանային ցիկլը սկսվելու նախանշան եւ ուշադրություն չի դարձրել ցավերին: Բայց 15 րոպե անց հենց լոգարանում աղջիկ է ծնել, իսկ օգնել է վերջին պահին լոգարան մտած մայրը:

«Մայրս եկել էր ստուգելու, արդյո՞ք ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: 15 րոպե տեւած ցավերից հետո ես դուստր ունեցա: Բոլորս ցնցված էինք: Ես պատկերացում անգամ չունեի, որ հղի եմ: Այդ ամբողջ ընթացքում մի քանի հարսանիքի եմ մասնակցել եւ կարողացել եմ հագնել երեկոյան զգեստներս»,- պատմել է Ջեսիկան:

Շտապ օգնության ծառայության աշխատակիցներն ավելի ուշ ժամանել եւ նորաթուխ մորն ու փոքրիկին հիվանդանոց են տարել, որտեղ Ջեսիկային արյան փոխներարկում են կատարել: Նա 3.3 կգ քաշով ծնված դստերը Լեքսի է կոչել:

Հետաքրքիր է, որ Ջեսիկայի փորը չի երեւացել: Բժիշկները ենթադրում են, որ երեխան տեղավորված է եղել նրա ողնաշարի մոտ: Իսկ որ ամենից հետաքրքիրն է, աղջիկն այդ ամբողջ ընթացքում կանոնավոր կերպով դաշտան է ունեցել, ինչի արդյունքում մեջքի եւ ծնկի հատվածում ցավերի պատճառով Ջեսիկային հետազոտած բժիշկներից ոչ ոքի մտքով չի էլ անցել, որ աղջիկը կարող էր հղի լինել:

«Երբ ինձ պետք է վիրահատեին, բժիշկները չստուգեցին էլ, արդյո՞ք հղի եմ, քանի որ կանոնավոր դաշտան եմ ունեցել: Փոխարենը հետազոտեցին հնարավոր ամեն ինչ»,- պատմում է Ջեսիկան:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Ջեսիկան սովորում է հղիության եւ երեխաների խնամքի մասնագիտացմամբ, այդ պատճառով ինքն էլ շատ է զարմացել, որ չի հասկացել, որ այդ ամբողջ 9 ամիսներին հղի է եղել:



© NEWS.am Medicine