Ալթունյան. Հակածխախոտային ծրագրի նպատակը 5 տարում ծխողների թվի 30 տոկոսով կրճատելն է

16:50   6 հունիսի, 2017

Կառավարությանը ներկայացված հակածխախոտային ծրագրի նպատակը 5-7 տարում Հայաստանում ծխողների թվի 30 տոկոսով կրճատելն է: Այս մասին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ այս նպատակին հասնելու համար պետք է մի շարք միջոցառումներ ձեռնարկել, որոնց թվում է հասարակական վայրերում ծխելու արգելքը, ծխախոտի գների բարձրացումը եւ այլն:

Նախարարը հիշեցրեց, որ 2004 թվականից Հայաստանում օրենք կա, որով հասարակական վայրերում ծխելն արգելվում է, սակայն այս օրենքը չի գործում. հասարակական շատ վայրերում, այդ թվում՝ տաքսու մեջ մարդիկ շարունակում են ծխել: Հասարակական սննդի որոշ հաստատություններում կան ծխողների եւ չծխողների դահլիճներ, սակայն դրանց տարանջատումը սովորաբար շատ պայմանական է, եւ այդ հաստատություններում գտնվող բոլորին ծուխը վնասում է:

Նախարարի խոսքով՝ հիմա իրենք նոր գործիքներ են առաջարկում, որոնց միջոցով օրենքը վերջապես կսկսի գործել, եւ հնարավոր կլինի մարդկանց պաշտպանել ծխի ազդեցությունից ու երկրում կրճատել ծխողների թիվը:

Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում տագնապալի վիճակ է ստեղծվել օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված: Մասնավորապես՝ երկրում այսօր սիրտ-անոթային հիվանդություններով մոտ 248 հազար հիվանդ կա եւ 40 հազարից ավելի օնկոհիվանդ: Եվ այս, եւ այն հիվանդությունները սերտորեն կապված են ծխելու հետ, հատկապես թոքերի քաղցկեղը, որն այսօր իր տարածվածությամբ Հայաստանում առաջին տեղում է, եւ որն ուղղակիորեն կապված է ծխելու հետ: Ե՛վ սրտի, ե՛ւ քաղցկեղային հիվանդություններով հիվանդացության նվազեցման համար ծխելու դեմ պայքարը պարզապես անհրաժեշտություն է:

Նախարարը նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում է ծխելու դեմ պայքար տարվում, եւ Հայաստանում փորձում են ներդնել այն միջոցառումներն ու մեթոդները, որոնք իրենց արդյունավետությունն ապացուցել են ուրիշ երկրներում: Ծխախոտի գների բարձրացումն աշխարհում ամենագործուն մեթոդներից մեկն է: Իհարկե, Հայաստանը կարող էր իր ճանապարհով գնալ եւ այս մեթոդից հրաժարվել, սակայն ծխողների թիվը 30 տոկոսով կրճատելու նպատակին այդ դեպքում չենք հասնի:

Լեւոն Ալթունյանը նաեւ հիշեցրեց, որ միջինվիճակագրական ծխողը ծխախոտի վրա ամսական մոտ 18-24 հազար դրամ է ծախսում: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է, ստացվում է, որ այս աշխատավարձի մոտ 40 տոկոսը նա ծախսում է ծխախոտի վրա, եւ եթե ծխելուց հրաժարվի, այդ գումարը ընտանեկան բյուջե կվերադառնա:

Ի պատասխան «Ֆեյսբուքի» օգտատերերի՝ ծխողների իրավունքների հնարավոր խախտումների մասին հարցերին, նախարարը նշեց, որ ծխողների իրավունքները չեն խախտվի: Նույնիսկ հակառակը՝ թվարկված միջոցառումները կօգնեն ծխողների իրավունքներն իրականացնել առողջ կենսակերպի ուղղությամբ, դրանից բացի՝ ծխողն իր առողջությունը վնասելու եւ աճող սերնդի համար վատ օրինակ լինելու քիչ հնարավորություններ կունենա:



© NEWS.am Medicine