Շագանակագեղձի քաղցկեղ. Ինչպե՞ս հայտնաբերել եւ ի՞նչ անել դրանից հետո

16:57   12 ապրիլի, 2014

Շագանակագեղձի քաղցկեղի ստուգման համար սովորական բուժզննման շրջանակներում տղամարդիկ սովորաբար PSA թեստ են անցնում (շագանակագեղձին առանձնահատուկ անտիգենի որոշում): Ճշմարտության պահը վրա է հասնում, երբ ցուցանիշները բարձր են լինում՝ վկայելով հնարավոր քաղցկեղի մասին: Ի՞նչ անել այս դեպքում: Կրկնակի թեստ անցնե՞լ: Ցավոտ բիոպսիա կատարե՞լ: Եւ ամենաահավորը՝ ի՞նչ անել եթե ախտորոշումը հաստատվի: Արագ սկսել բուժու՞մը՝ իմպոտենցիա եւ անմիզապահություն ձեռք բերելու սպառնալիքո՞վ:

Ամեն ինչ ավելի է բարդացնում այն փաստը, որ շագանակագեղձի քաղցկեղի թեստավորման ու բուժման համար փորձագետների միջեւ հստակ փոխհամաձայնություն չկա: Նրանցից շատերը նույնիսկ դեմ են PSA թեստին, քանի որ արդյունքները սովորաբար բերում են անցանկալի բիոպսիայի եւ անհարկի բուժման, հաղորդում է Newmax Health-ը:

«Շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշումը կարող է կործանել տղամարդու կյանքը, - ասում է բժիշկ Ջեյ Քոենը, - սակայն իրավիճակն այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից»:

Բժիշկ Քոենն այս ամենն ասում է սեփական փորձից ելնելով: 2011թ.-ին նրան շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշում էր տրվել: Նրա մոտ ուռուցքը փոքր է եւ գտնվում է վերահսկման ներքո: Բժիշկ Քոենը չի անցել կյանքի մակարդակի վրա ազդող բոլոր այդ միջամտությունների միջով: Սակայն նա լիարժեքորեն օգտվել է նոր ախտորոշման մեթոդներից:

« Շագանակագեղձի քաղցկեղն այնքան դանդաղ է զարգանում, որ տղամարդկանց ընդամենը 15-20%-ն է իրականում վտանգի մեջ գտնվում: Սակայն մինչեւ հիմա հնարավոր չէր տարբերակել չափավոր քաղցկեղը կյանքին վտանգ սպառնացող քաղցկեղից, այնպես որ մենք անհարկի բուժում էինք տղամարդկանց մոտ 85%-ին՝ գրեթե անհիմն նրանց իմպոտենցիայի եւ անմիզապահության սպառնալիքի ենթարկելով»:

Քաղցկեղը մեծ ճշգրտությամբ հայտնաբերող երկու նոր մեթոդները կարող են նույնիսկ հուշել բուժման սկիզբը: Առաջինը շագանակագեղձի ՄՌՏ-ն է: Երկրորդը՝ գունավոր ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան:

«Ուլտրաձայնը կարող է որոշել շագանակագեղձի չափերը բիոպսիայի համար, իսկ գունավոր դոպլերոգրաֆիան որսում է ավելացած արյան հոսքը, որն օգնում է որոշել քաղցկեղը»,- ասում է բժիշկ Քոենը: Նոր տեխնոլոգիան նույնիսկ թույլ է տալիս զննել որոշակի կասկածելի տեղամասեր բիոպսիայի համար:

Եթե ձեզ մոտ PSA ցուցանիշը բարձր է, բժիշկ Քոենը խորհուրդ է տալիս.

• Խնդրեք ձեր բժշկին ուղիղ աղիքային զննում անցկացնել, փքվածությանն կամ խանգարումների առակյությունը ստուգելու համար, կամ ուլտրաձայնային հետազոտություն կատարել՝ շագանակագեղձի չափերը որոշելու համար:

Եթե վարակի կասկածներ կան՝ հակաբիոտիկների կուրս ընդունեք եւ կրկնակի PSA թեստ անցեք:

• Շագանակագեղձի ՄՌՏ անցեք 3.0 Tesla-ով: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս նույնիսկ ամենափոքր՝ 5մմ-ից սկսած քաղցկեղային ուռուցքները հայտնաբերել 85-90% ճշգրտությամբ:

• Գունավոր ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա անցեք:

• Միայն այս ամենից հետո բիոպսիա կատարեք՝ օգտագործելով ՄՌՏ եւ դոպլերոգրաֆիայի տվյալները՝ որպեսզի բժիշկները կարողանան ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալ:

Եթե դուք որոշել եք բուժման կուրս անցնել, ապա ստացեք երկրորդ կարծիքը եւ քննարկեք ռոբոտիզացված պրոստատէկտոմիայի, պրոտոնային ճառագայթման եւ կրիոթերապիայի տարբերակները:

«Տղամարդիկ պետք է ամեն տարի PSA թեստ անցնեն, քանի որ հիվանդությունը կարող է մահացու վտանգավոր լինել,- ասում է բժիշկ Քոենը: - Բայց շագանակագեղձի քաղցկեղը չի նշանակում սեռական կյանքի ավարտ եւ անմիզապահության սկիզբ: Դեպքերի մեծամասնության ժամանակ դուք կարող եք շարունակել ապրել միանգամայն բնականոն կյանքով».



© NEWS.am Medicine