Քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց է հայտնաբերվել

20:12   14 ապրիլի, 2014

Քաղցկեղի որոշ տեսակներ խիստ կախված են օրգանիզմում պղնձի կոնցետրացիայից: Այս մետաղի ցուցանիշների վերահսկումը հիվանդության Աքիլեսյան գարշապարն է, հայտնում է Telegraph-ը: Պղնձի արգելակիչները օրգանիզմում հետագայում հնարավոր է դառնան հակաքաղցկեղային թերապիայի հիմքը:

BRAF գենի մուտացիայով քաղցկեղի աճի համար պղինձ է անհրաժեշտ: Այդ տեսակի ուռուցքի ամենատարածված ձեւը մելանոման է կամ մաշկի քաղցկեղը: Հիվանդությունը շատ ծանր է ընթանում՝ բարձր մահացությամբ:

Դյուկի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Քրիստոֆեր Կաունտերի խոսքով՝ BRAF գենը մասնակցում է բջիջների կարգավորմանը եւ տարբերակմանը: Իսկ ագրեսիվ քաղցկեղային բջիջները ծայրահեղ չտարբերակված են: Երբ մուտացված BRAF գենը ստիպում է բջիջներին աճել, նրանք սկսում են զարգանալ անոմալ (ոչ բնականոն) ձեւով:

Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ նշված մուտացիայով քաղցկեղային բջիջների կողմից պղնձի կլանման գործընթացի արգելակումը ճնշում է քաղցկեղի աճը: Նմանատիպ արդյունքների հնարավոր է եղել հասնել նաեւ դեղամիջոցը Վիլսոնի հիվանդության բուժման համար օգտագործելիս՝ գենետիկ հիվանդություն, որը բերում է հյուսվածքներում պղնձի կուտակման:

Գիտնականները համարում են, որ մելանոմայի բուժման շրջանակներում Վիլսոնի հիվանդության դեմ դեղամիջոցների օգտագործումը միանգամայն արդարացված է: Կլինիկական փորձարկումներն արդեն թույլատրված են, եւ շուտով Դյուկի համալսարանի թիմը պղնձի մակարդակը իջեցնող դեղամիջոցները կփորձարկի մելանոմայով հիվանդների մոտ:



© NEWS.am Medicine