Գյումրու «Ճերմակ հիվանդանոցը» նախազգուշացվել է իրազեկման թերթիկ չտրամադրելու համար

18:28   14 ապրիլի, 2014

Գյումրու «Ճերմակ հիվանդանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախազգուշացում է ստացել ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» ՀՀԱՆՊԱԳ-ԾՁԲ-0610 պայմանագրի 3.1.1 կետի խախտման առնչությամբ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։ Միաժամանակ, «Ճերմակ հիվանդանոցի» տնօրինությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ խախտումը վերացնելու համար։

Համաձայն հաղորդագրության, հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվել է մշտադիտարկում` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N3274-Ա հրամանի պահանջների կատարման առումով: Հրամանի համաձայն` բժշկական կազմակերպությունները պետք է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրեն իրազեկման թերթիկ, ինչը ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական կենտրոնի միջեւ կնքված պետական պատվերի տեղադրման պայմանագրի պարտադիր կետերից մեկն է:

 Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ Գյումրու «Ճերմակ հիվանդանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի պահպանել հրամանով սահմանված պահանջները:

«Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ տնօրենը ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախազգուշացվել է` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» ՀՀԱՆՊԱԳ-ԾՁԲ-0610 պայմանագրի 3.1.1 կետի խախտման առնչությամբ:

Միաժամանակ, «Ճերմակ հիվանդանոցի» տնօրինությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ խախտումը վերացնելու համար`  ապահովելով պայմանագրային պարտավորությունների կատարումը, եւ նախազգուշացվել է, որ հետագայում պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցելու ընթացքում խախտում թույլ տալու դեպքում կկիրառվեն պատասխանատվության ավելի խիստ միջոցներ, ընդհուպ մինչեւ պայմանագրի դադարեցում:

Նշենք, որ իրազեկման թերթիկը քաղաքացիներին տեղեկացնում է իրենց իրավունքների եւ պարտականությունների, մասնավորապես` պետական պատվերի շրջանակներում բուժօգնության ծավալի, տրամադրվող դեղերի մասին:



© NEWS.am Medicine