Հայաստանում ինսուլինակախյալ հիվանդներին անվճար գլյուկոմետրեր կտրամադրվեն

19:01   14 ապրիլի, 2014

ՀՀ առողջապահության նախարարությունը  եւ «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր, ապրիլի 14-ին, ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակներում «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում անհատույց  գլյուկոմետրեր կնվիրաբերի շաքարային դիաբետով այն հիվանդներին, ովքեր այդ ընթացքում հակադիաբետիկ հաբերից կանցնեն  ինսուլինի ներարկման:Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ նախարարության մամուլի ծառայությունից։

Հուշագիրն ստորագրեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը եւ «Կոնցեռն-Էներգոմաշի» կոմերցիոն տնօրեն Դավիթ  Առաքելյանը։

Կարեւորելով համագործակցությունը` Սուրեն Քրմոյանը նշեց, որ շաքարային դիաբետով հիվանդների խնդիրները պետության հոգացության ներքո են, եւ նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի այդ հիվանդները բացի անվճար տրամադրվող դեղերից ապահովվեն նաեւ բարձրորակ ստրիպերով։

Դավիթ  Առաքելյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար եւ տեղեկացրեց, որ հիվանդներին կհատկացվեն գերմանական արտադրության ժամանակակից գլյուկոմետրեր։ Ընկերությունը նաեւ դասընթացներ կկազմակերպի հիվանդների համար, որպեսզի կարողանան ամենօրյա ճիշտ ինքնավերահսկում կատարել։   

Կողմերը պարտավորվեցին 10-օրյա ժամկետում մշակել եւ համաձայնագրով հաստատել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անհատույց գլյուկոմետրերի տրամադրման կարգը:

Համագործակցության արդյունքում կբարձրանա շաքարային դիաբետով տառապող անձանց ինքնավերահսկման արդյունավետությունը, հետեւաբար եւ բուժման ճիշտ կազմակերպումը։



© NEWS.am Medicine