Նոր փորձնական դեղամիջոցը արդյունավետ է եղել հեպատիտ C-ով հիվանդների 95%-ի համար

11:46   15 ապրիլի, 2014

Փորձնական դեղամիջոցը բուժել է հետազոտության մասնակից հեպատիտ C-ով հիվանդների 95%-ը, այդ թվում նաեւ նրանց, ում բուժման այլ  միջոցները չեն օգնել, հաղորդում է WebMD-ն:

Այս նոր, առաջատար բուժման մեթոդը հիվանդներն ավելի լավ են տանում, քան ինտերֆերոնը, որով ավանդաբար բուժում են հեպատիտ C-ն, ասում են հետազոտողները:

Ֆրանկֆուրտի Գյոթեյի համալսարանական կլինիկայի բժշկության դասախոս եւ հետազոտության առաջատար հեղինակ Ստեֆան Զոզոմը փորձարկել է ABT-450-ը (փորձնական դեղամիջոց) ինտերֆերոն չպարունակող այլ դեղամիջոցների հետ զուգահեռ, եւ հայտնաբերել է, որ քրոնիկ հեպատիտ C-ով գրեթե բոլոր հիվանդներին կարելի է բուժել, նույնիսկ եթե նախորդ բուժման մեթոդները հաջողությամբ չեն պսակվել:

Նոր դեղամիջոցի առավելությունն այն է, որ այն պատրաստվում է հաբերի տեսքով, մինչդեռ ինտերֆերոնն ընդունում են ամեն շաբաթ՝ ներարկումների ձեւով: Բացի այդ ինտերֆերոնով բուժումը տեւում է գրեթե 1 տարի, իսկ նոր դեղամիջոցն ընդունում են 3 ամիս:

Ինտերֆերոնով բուժումը նաեւ  ուղեկցվում է ծանր կողմնակի ազդեցություններով:

Հեպատիտ C-ն կարող է փոխանցվել ներարկումների եւ սեռական շփման միջոցով:

 



© NEWS.am Medicine