Առաջին անգամ աշխարհում կենդանի օրգանի ռեգեներացիա է կատարվել

17:45   15 ապրիլի, 2014

Էդինբուրգի համալսարանի գիտնականների թիմը առաջին անգամ վերականգնել է կենդանի օրգան մկների մոտ: Նրանց հաջողվել է վերականգնել թիմուսը՝ սրտին հարակից օրգան, որն արտադրում է կարեւոր իմունային բջիջներ, հաղորդում է Medical Xpress-ը:

Շատ ծեր մկների մոտ թիմուսի երիտասարդացման համար գիտնականները վերականգնել են տարիքի հետ ապաակտիվացող բնական մեխանիզմը: Թիմուսի ֆունկցիան վերականգնվել է, եւ մկների մոտ T-բջիջներ կոչվող արյան սպիտակ բջիջների քանակը՝ որոնք անհրաժեշտ են վարակների դեմ պայքարի համար, կտրուկ ավելացել է:

Հետազոտությունը կատարվել է Էդինբուրգի համալսարանի ռեգեներատիվ բժշկության բժշկական հետազոտությունների խորհրդի կենտրոնի գիտնականների ղեկավարության ներքո:

Թիմուսը տարիքի հետ «մաշվում է», եւ այդ պատճառով է, որ ծեր մարդիկ ավելի շատ են ենթակա գրիպի նման ինֆեկցիոն հիվանդությունների: Նրա վերականգնումը կարող է Դի-Ջորջիի համախտանիշով հիվանդներին հույս ներշնչել՝ գենետիկական հիվանդություն, որը խոչընդոտում է թիմուսի նորմալ զարգացումը:

 



© NEWS.am Medicine