Ցողունային բջիջներից ստացված արյունը կփոխարինի՞ դոնորականը

20:14   15 ապրիլի, 2014

Էդինբուրգի համալսարանի գիտնականները ցողունային բջիջներից գենային ինժեներիայի միջոցով արյուն ստանալու տեխնոլոգիա են մշակել:

Նրանց հաջողվել է ինդուկցված պլյուրոպոտենտ ցողունային բջիջներից էրիթրոցիտներ ստանալ (iPS, որեւէ հյուսվածքի հասուն բջիջներ՝ վերածրագրավորված որպես ցողունային): Գիտանականները  առաջին կամ 0 խմբի արյան պատկանող էրիթրոցիտներ են «աճեցրել», որոնք համատեղելի են մյուս բոլոր խմբերի հետ:

Շուտով կսկսվեն գենային ինժեներիայով ստացված արյան կլինիկական փորձարկումները: Առաջինը այն կստանան ծանր հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ թալասեմիայով 3 հիվանդ, ովքեր պարբերաբար արյան փոխներարկման կարիք ունեն, հաղորդում է Gen-ը:

«Մենք եղանք առաջինը, ում հաջողվեց լավ որակի, արյան փոխներարկման անվտանգության չափանիշներին համապատասխան արհեստական արյուն ստանալ»,- հայտարարել է հետազոտական խմբի ղեկավար Մարկ Թերները (Marc Terner), The Telegraph-ին տված հարցազրույցում: Հետազոտությանը 5մլն եվրո է հատկացվել:

 Հետազոտողները համարում են, որ հաջող փորձարկումների դեպքում նման արյունը մոտ 20 տարի հետո կարտադրվի արդյունաբերական մասշտաբներով:



© NEWS.am Medicine