Օրական ընդամենը 30 րոպե ակտիվությունը կերկարացնի ձեր կյանքի տեւողությունը․ հետազոտություն

10:40   25 սեպտեմբերի, 2017

Օրական 30 րոպե ցանկացած ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը (քայլելը, մարզվելը, մաքրություն անելը) կարող է կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումն ու երկարացնել մարդու կյանքի տեւողությունը։ Այս մասին ասվում է խոշոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Lancet ամսագրում։ 

Հետազոտության հեղինակները՝ Population Health Research Institute of McMaster University համալսարանի եւ Hamilton Health Sciences-ի գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի 17 երկրների 130 000 մարդու կենսակերպն ու առողջական վիճակը ու հայտնաբերել, որ ցանկացած ֆիզիկական ակտիիվություն օգտակար է առողջության համար ու օգնում է երկարացնել կյանքի տեւողությունը։ Գլխավորը օրական 30 եւ շաբաթական 150 րոպե ակտիվ լինելն է (այնպես, որ սրտի ռիթմի արագությունն ավելանա)։

Գիտնականների խոսքով՝ այն մարդկանց մոտ, որոնք հետեւում են այս ցուցումներին, ցանկացած պատճառով մահացության ռիսկը նվազում է 28 տոկոսով, իսկ սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը՝ 20 տոկոսով։ Ավելին՝ որքան շատ ժամանակ է մարդը տրամադրում ֆիզիկական ակտիվությանը՝ այդքան դրական է դա անդրադառնում նրա առողջության վրա՝ այն մարդիկ, որոնք շաբաթական 750 րոպե քայլում են, 36 տոկոսով նվազեցնում են մահացության հավանականությունը։

«Այն երկրներում, որտեղ եկամուտների մակարդակը ցածր է ու միջին, սրտի հիվանդությունները կարող են դառնալ լուրջ ֆինանսական բեռ։ Ֆիզիկական ակտիվությունն այդ հիվանդությունները կանխելու ոչ թանկարժեք միջոց է,- ասել է Population Health Research Institute-ի տնօրեն Սալիմ Յուսուֆը, այդ հետազոտության հեղինակներից մեկը,- «Եթե յուրաքանչյուր մարդ շաբաթական 150 րոպե ֆիզիկապես ակտիվ լիներ, ապա 7 տարվա ընթացքում հնարավոր կլիներ կանխել բոլոր մահերի մոտ 8 տոկոսը»։ 



© NEWS.am Medicine