Այսօր հեմոֆիլիայի համաշխարհային օրն է

10:19   17 ապրիլի, 2014

Ապրիլի 17-ը նշվում է որպես հեմոֆիլիայի համաշխարհային օր։

Առաջին անգամ այս օրը նշվել է 1989 թվականին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱԿՀ) եւ Հեմոֆիլիային համաշխարհային ֆեդերացիայի (WFH) նախաձեռնությամբ։ Ապրիլի 17-ը որպես հեմոֆիլիայի օր պատահմամբ չէր ընդունվել. հենց այս օրն է ծնվել Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադիր Ֆրենկ Շնայբելը։

Հեմոֆիլիայի համաշխարհային օրը նշելու գլխավոր նպատակն է հրավիրել հանրության ուշադրությունը հեմոֆիլիայով տառապող մարդկանց խնդիրների վրա եւ իրազեկել բոլորին այս հիվանդության մասին։

Հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խախտվում է արյան մակարդելիությունը, ինչի պատճառով հիվանդների մոտ հաճախ պատահում են ներքին արյունահոսություններ, որոնք դադարեցնելը շատ դժվար է։

Հեմոֆիլիան որպես կանոն լինում է միայն տղամարդկանց մոտ, իսկ կանայք ուղղակի հեմոֆիլիայի գենը կրող են հանդիսանում եւ կարող են փոխանցել այս հիվանդությունը իրենց որդիներին։



© NEWS.am Medicine