Կանանց սրտային ախտանիշները տարբերվում են տղամարդկանց նշաններից

21:54   20 ապրիլի, 2014

Կանայք երբեմն չեն պատկերացնում, որ նրանք գտնվում են միոկարդի ինֆարկտի սպառնալիքի ներքո, մասնավորապես այն պատճառով, որ նշված հիվանդության ախտանիշները տղամարդկանց եւ կանանց  մոտ տարբեր են:

Իրականում, սուր կորոնար համախտանիշ կոչվող այս հիվանդությամբ կանանց գրեթե 1/3-ը կրծքավանդակում ճնշման զգացողության դասական ախտանիշները չի զգում այնպես ինչպես տղամարդիկ: Արդյունքում կանայք ենթակա են սխալ ախտորոշման մեծ վտանգի, իսկ երբեմն նույնիսկ աննկատ միոկարդի ինֆարկտ են տանում, պնդում են փորձագետները:

 Ամերիկացի բժիշկ Էրիկա Շվարցը՝ հիվանդությունների կանխարգելման եւ ապաքինման առաջատար մասնագետներից մեկը, Newsmaxhealth-ին հաղորդել է, որ կանայք պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն եւ ուշադիր լինեն ախտանիշներին, ոչ թե պարզապես հույսը դնեն իրենց բժիշկների եւ բուժաշխատողների վրա:

Նա հիշում է 60-ամյա կնոջ հետ կապված դեպքը, որը մահացել էր այն բանից հետո, երբ կրծքավանդակում ցավերով  մի քանի անգամ դիմել էր շտապ օգնության հիվանդանոց, սակայն հետ էր ուղարկվել տուն, քանի որ բժիշկները չէին կարողացել ճանաչել սրտանոթային հիվանդության ախտանիշները:

Սրտաբան Գուլատին նշել է, որ սրտի հիվանդության ժամանակ կանանց մոտ ցավը կրծքավանդակում այնքան ուժեղ չի լինում, որքան տղամարդկանց մոտ: Սակայն բազմաթիվ կանայք այս դեպքում կարող են հարբուխ ունենալ, ինչպես գրիպի ժամանակ: Կանանց մոտ նաեւ կարող է լինել տագնապային վիճակ, այրոց, հեւոց, ձեռքերի, ծնոտի, ատամների եւ մեջքի ցավ՝ տղամարդկանց մոտ առկա ախտանիշների փոխարեն:

Շվարցը նշում է, որ բժիշկների մեծամասնությունը կանանց ցավերին լուրջ չի վերաբերվում կամ կապում է դրանք դաշտանադադարի հետ, եւ «դա վիրավորական է կանանց համար»: Նա խորհուրդ է տալիս կանանց ինքնուրույն հետեւել իրենց առողջությանը եւ կանխարգելման համար միջոցներ ձեռնարկել:

Նա նաեւ խորհուրդ է տալիս սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար առողջ սովորություններ ձեռք բերել.

-առողջ սննդակարգ բանջարեղենից եւ մրգերից՝ ճարպոտ եւ տապակած սննդի սահմանափակմամբ, ամբողջական հատիկավոր սննդամթերքի եւ բուսական սպիտակուցի օգտագործում;

-մարզանք օրական գոնե 20-30 րոպե, շաբաթը 5 օր:

Նա նաեւ խորհուրդ է տալիս խուսափել սթրեսային իրավիճակներից եւ զբաղվել յոգայով եւ լողով:



© NEWS.am Medicine