Վեյպի մի քանի հոտավետ նյութեր սպանում են իմունային բջիջները. հետազոտություն

10:44   2 փետրվարի, 2018

Վերջին շրջանում էլեկտրոնային ծխախոտն առավել հանրահայտ է դարձել, սակայն նաեւ դրանց վտանգավորության մասին ավելի շատ գիտական տվյալներ են հայտնվում: Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Frontiers in Physiology ամսագրում, էլեկտրոնային ծխախոտի համար նախատեսված որոշ հոտավետ նյութերի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութերի ազդեցությունը կարող է օքսիդատիվ սթրես առաջացնել եւ բերել արյան սպիտակ մարմինների՝ մոնոցիտների իմունային պատասխանի:

Գիտնականների խոսքով՝ հետաքրքիր է, որ առողջության համար առավել վտանգավոր են սալորի բույրով, ինչպես նաեւ դարչինի ու վանիլի բույրերով հոտավետ նյութերը: Ավելին՝ էլեկտրոնային ծխախոտի տարբեր հոտավետ նյութերի միախառնումը շատ ավելի բացասական ազդեցություն է ունենում, քան յուրաքանչյուր հոտավետ նյութն առանձին:

Երբ վեյպի հեղուկը տաքանում է եւ ներս ծխվում, հոտավետ նյութերի միացությունները վեյպերի թոքեր են ընկնում: Քանի որ նման հոտավետ նյութերը սնունդի մեջ օգտագործելիս անվտանգ են համարվում, էլեկտրոնային ծխախոը հաճախ դիտարկվում ու գովազդվում է որպես ավանդական ծխախոտին ավելի առողջ այլընտրանք: Սակայն առողջության համար այս քիմիական նյութերը շնչելու հետեւանքներն առայժմ մինչեւ վերջ հետազոտված չեն:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտում օգտագործվող հոտավետ նյութերը թոքերի բջիջներում բորբոքային եւ օքսիդային սթրեսի ռեակցիաներ են առաջացնում: Վեյպ ծխողների մոտ գրանցվել է այս սթրեսի մարկերների բարձր մակարդակ՝ ի տարբերություն չծխողների:

University of Rochester Medical Centre-ի գիտնականների կատարած նոր հետազոտությունը գնահատել է բույր հաղորդող քիմիական նյութերի, ինչպես նաեւ նիկոտին չպարունակող հեղուկների ազդեցությունը անմիջականորեն իմունային բջիջների վրա, իսկ հատկապես բջիջների այն տեսակների, որոնք մոնոցիտներ են կոչվում:

Պարզվել է, որ բուրաետ հեղուկների բաղադրության մեջ մտնող քիմիական հավելումների ազդեցությունը առաջացրել է «բորբոքամետ քեմոկինների» արտադրման մեծացում, մասնավորապես՝ ինտերլեյկին 8-ի (CXCL8 քեմոկին): Նկատվել են հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջացրել է օքսիդային սթրեսը: Հայտնաբերվել է նաեւ բջջատոքսիկություն՝ հոտավետ նյութերը սպանել են բջիջները, ըստ որում՝ որոշ հոտավետ նյութեր ավելի տոքսիկ են եղել, քան մյուսները:

Հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Տիվանկա Մուտումալաջը նշել է, որ չնայած թեստավորված բոլոր հոտավետ նյութերը սնունդի մեջ ընդունելու համար անվտանգ են, սակայն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրանք ամենեւին անվտանգ չեն ինհալյացիայի դեպքում:

«Ավելի տոքսիկ են եղել դարչինի եւ վանիլի, ինչպես նաեւ սալորի բույրով հոտավետ նյութերը, սակայն մեր հետազոտությունը ցույց է տվել, որ լեյկոցիտների համար առավել վտանգավոր են եղել այս բուրավետ նյութերի խառնուրդները»,- նշել է նա:



© NEWS.am Medicine