«Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը» Գլենդեյլում անցկացրել է ամենամյա «Կյանքի քայլ 2014» 9-րդ մարաթոնը (ֆոտո)

18:25   5 մայիսի, 2014

Ավելի քան 500 մասնակից՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքային ղեկավարներ, այնպես էլ պարզապես կամավորներ են մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2014» մարաթոնին,  որն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը:

Համայնքային միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 3-ին Գլենդեյլում, Քալիֆորնիա: Քայլերթը մեկնարկեց Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցից, հասավ մինչեւ Գլենդեյլի կենտրոն եւ վերադարձավ մեկնարկային կետ, որտեղ շարունակվեց տոնախմբությունը:   

«Կյանքի քայլ 2014» մարաթոնի գլխավոր հովանավորները երեքն էին `Գլենդեյլ Մեմորիալ հիվանդանոցը, «Ֆաունդեյշն» լաբորատորիան եւ մի անանուն բարերար:

Բացման արարողության ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ: Ելույթ ունեցավ նաեւ  բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը:

«Մենք նվիրում ենք այս քայլերթը մեր բոլոր հիվանդներին, նաեւ նրանց, ովքեր այլեւս մեզ հետ չեն: Սակայն նրանց ընտանիքները եւ ընկերները այսօր մեզ հետ այստեղ են եւ օգնում են մեզ մեր գործում”, - ասաց դոկտոր Ֆրիդա Ջորդանը: Ապա դոկտոր Ջորդանը ներկայացրեց քաղցկեղից բուժված տասնամյա մի փոքրիկի, Գրեյս Կեսաբլակին, որը շնորհակալություն հայտնեց բոլորին աջակցության համար եւ ներկայացրեց քայլերթի համար իր կողմից հավաքված նվիրատվությունը: « Գրեյսի պատմությունը, ինչպես նաեւ շատ այլ պատմություններ դարձնում են մեր աշխատանքը այդքան նշանակալի»: 

Դոկտոր Ջորդանը ներկայացրեց նաեւ Արփինե Զոհրաբյանին, ով երկար ժամանակ աջակցել է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին եւ ռեեստրի կամավոր դոնորներից է, նա կազմակերպել էր դրամահավաք «Կյանքի քայլ 2014» համար: «Երեք տարի առաջ, ես երեք տարեկան երեխային նվիրել եմ ոսկրածուծ: Այսօր այդ երեխան վեց տարեկան է, բուժված քաղցկեղից, առողջ, խաղում է եւ վայելում կյանքը: Այսպիսով, ես խրախուսում եմ բոլորին միանալ ռեեստրի շարքերին՝ դառնալով պոտենցիալ դոնոր: Այսօր հանձնելով մի պարզ նմուշ, հետագայում կարող եք օգնել փրկել մեկի կյանքը »,- ասաց  Զոհրաբյանը:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամում մինչ օրս կամավորագրվել է 26 000 դոնոր, ռեեստր դիմած 2885  հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:



© NEWS.am Medicine